10 09 2018

Ո՞ր ապրանքն ինչքա՞ն է թանկացել ՀՀ տարածքում

Ո՞ր ապրանքն ինչքա՞ն է թանկացել ՀՀ տարածքում

ՀՀ սպառողական շուկայում 2018 թվականի օգոստոսին գրանցվել է 0.6 տոկոս գնաճ, որը պայմանավորված է պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գնի 1.7 տոկոս աճով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով ՀՀ–ում սպառողական գներն աճել են 3.3 տոկոսով։

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային ապրանքների գները հաշվի առնելով՝ պարենային ապրանքները թանկացել են 1.5 տոկոսով։ Միաժամանակ ծառայությունների սակագները աճել են 1.5 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.5 տոկոսով։

ԱՎԾ-ի տվյալներով՝ օգոստոսին պարենային ապրանքների գնի աճը հիմնականում բերել է մսի գնաճ 2.4 տոկոսով, մրգերի գները աճել են 3.3 տոկոսով, իսկ բանջարեղենի գները՝ 6.5 տոկոսով։ Միաժամանակ, տարեկան կտրվածքով մսամթերքը թանկացել է 8.6 տոկոսով, մրգերը էժանացել են 3.3 տոկոսով, իսկ բանջարեղենի գներում զգալի աճ է գրանցվել՝ 23.2 տոկոսով։

Օգոստոսին սպառողական գներն աճել են ՀՀ բոլոր քաղաքներում, սակայն առավել ինտենսիվ աճ նկատվել է Երևանում և Աշտարակ քաղաքում։ Մսամթերքի գնի առավել բարձր աճ գրանցվել է Երևանում, մրգերինը՝ Կապանում, իսկ բանջարեղենինը՝ Հրազդանում։

Ընդհանուր առմամբ՝ ամբողջական գնաճը մրգերի ու բանջարեղենի շուկայում օգոստոսին հասել է 5.4 տոկոսի, որն ազդել է գնաճի ընդհանուր մակարդակի վրա 0.4 տոկոսային կետով, քանի որ ապրանքների այդ խմբի տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում 8.36 տոկոս է կազմում։

Սրա հետ մեկտեղ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում օգոստոսին գրանցվել է 1 տոկոս գնաճ, որին նպաստել է ձվի 5.9 տոկոս թանկացումը։ Հիշեցնենք, որ հունիս-հուլիս ամիսներին ձվի գինը նվազել էր՝ միջինում հասնելով 35 դրամ մեկ ձվի դիմաց արտադրողների մոտ արտադրանքի ավելցուկի պատճառով։ Այնուհետեւ գները վերադարձան նախկին մակարդակին (50 դրամ մեկ ձվի դիմաց)։

Տարեկան կտրվածքով կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գնաճը կազմել է 0.3 տոկոս։ Այս խմբի ամենաբարձր գնաճը գրանցվել է Վանաձոր քաղաքում։

2018 թվականի օգոստոսին 0.1 տոկոսով թանկացել է նաև սուրճը, թեյը, կակաոն, իսկ ոչ ալկոհոլային խմիչքները՝ 0.3 տոկոսով, հացաբուլկեղենը և հատիկավորները, ինչպես նաև ձուկը և ծովամթերքը՝ 0.5 տոկոսով, իսկ յուղի ու կարագի գները փոփոխություն չեն կրել։

Միաժամանակ շաքարն ու շաքարավազը օգոստոսին հուլիսի հետ համեմատած էժանացել է 2.6 տոկոսով, տարեկան կտրվածով էժանանալով 18.8 տոկոսով, որը պայմանավորված է շուկայի ազատականացմամբ։ Ամենաինտենսիվ գնանկումը գրանցվել է Հրազդան քաղաքում։ Մայրաքաղաքում շաքարի գինը նվազել է 2.4 տոկոսով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ