11 07 2018

Կոռուպցիոն բացահայտումներով արտաքին պարտքը մարելու հույսերը մարում են. «Հայոց աշխարհ»

Կոռուպցիոն բացահայտումներով արտաքին պարտքը մարելու հույսերը մարում են. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Հայաստանում տեղի ունեցող աղմկոտ բացահայտումներն ակնհայտորեն չեն արդարացնում այն ֆինանսական ակնկալիքները, որոնք ձևավորվել էին հասարակության շրջանում։ Ստացվող գումարներն այնքան էլ շոշափելի չեն պետական գանձարանի համար։ Մինչդեռ իշխանությունը ակնկալում էր, որ դրանով հնարավոր կլինի փակել անգամ պետական պարտքը։

Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ դրանք զուր հույսեր են։ Ավելին՝ գնալով ակնհայտ է դառնում, որ կառավարության քայլերը երբեմն միտված են պարզապես հասարակության շրջանում համապատասխան տրամադրությունների ստեղծմանը։

Նախորդ երկու ամսում բացահայտվել են գրեթե 20 մլրդ դրամի չարաշահումներ։ Իհարկե, այնպես չէ, որ նախկինում համապատասխան կառույցները պետության նկատմամբ պարտավորությունների չկատարման փաստեր չէին բացահայտում։ Այս անգամ գումարը ավելի մեծ է։

Սակայն խոսքը բացառապես հայտնաբերումների մասին է, որոնք դեռ պետք է հիմնավորվեն։ Մինչ այժմ պետական բյուջեում փաստացի վերականգնված գումարն ընդամենը 800 մլն դրամ է։ 12 միլիարդը առաջադրվել է գանձման, իսկ 7 միլիարդը նախնական տվյալներ են, որոնք ենթակա են փոփոխման։

Առաջին հայացքից փոքր գումար չէ։ Սակայն դժվար է դրա հետ լուրջ հույսեր կապել։ Անգամ այն դեպքում, եթե հնարավոր լինի ամբողջությամբ վերականգնել հայտնաբերված միջոցները։

Արդեն այժմ ակնհայտ է, որ որոշ դեպքերում հայտարարվող բացահայտումներից գրեթե անհնարին է ֆինանսական մուտքեր ապահովել։ Այնպես, ինչպես, ասենք, գյուղոլորտում «հայտնաբերված» 1,4 մլրդ դրամի դեպքում։

Հիշեցնենք, որ խոսքը գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության շրջանակներում տրամադրված պարարտանյութի մատակարարման ծրագրի մասին է։ Պարզվում է՝ պետության հատկացրած միջոցներով ձեռք է բերվել պարարտանյութ, որը հնարավոր էր անել ավելի ցածր գնով՝ հաշվի առնելով արտաքին շուկաներում գոյություն ունեցող այլ առաջարկները։

Սա ընդամենը մի օրինակ է։ Իրականում հայտնաբերված բացահայտումների շարքում նման դեպքերը քիչ չեն և միայն հարուցված քրեական գործերի քննության ավարտից, ինչպես նաև դատարանի որոշումներից հետո հնարավոր կլինի ասել, թե դրանք որքանով են հիմնավորված։ Այս պահին վերականգնվել է հայտնաբերումների փոքր մասը։

Հուսալ, որ դրանով կարելի է լուրջ խնդիրներ լուծել, միամտություն է։ Ասենք, որ մինչ այժմ հայտնաբերված գումարը, եթե անգամ հաջողվի ամբողջությամբ վերականգնել, կարող է հասնել բյուջեի հազիվ 1-1,5 տոկոսին։

Իհարկե, դատելով կառավարության վարքագծից, բացահայտումներն առաջիկայում կշարունակվեն։ Բայց այլևս պարզ է, որ այս հատվածում մեծ ակնկալիքներ չեն կարող լինել։ Եթե անգամ հաջողվի մինչև տարեվերջ կրկնապատկել կամ եռապատկել մուտքերը, միևնույն է, դրանից շատ բան չի փոխվի։ Դա այն գումարը չէ, որով կարելի է փակել պետական պարտքը կամ աշխատավարձ և թոշակ բարձրացնել, ինչին սպասում է հասարակությունը իշխանափոխությունից հետո։

Այլևս պարզ է, որ այդ առումով նախկինում տրված խոստումները կտրված են եղել իրականությունից և արդարացված չեն։ Սոցիալական խնդիրների լուծման բանալին պետք է փնտրել ոչ թե բացահայտումների միջոցով ստացվող գումարների, այլ տնտեսական գործունեության և նոր հնարավորությունների ստեղծման մեջ։

Մինչդեռ այստեղ կառավարությունը լրջորեն թերանում է։ Վերջին երկու-երեք ամիսներին տնտեսությունը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք վիճակում չէ։

Այդ են վկայում նաև բյուջետային մուտքերը, որոնք տնտեսական տարվա խորացմանը զուգահեռ ավելանալու փոխարեն՝ նվազում են։ Խոսքը զուտ մուտքերի մասին է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ