10  07  2018

Տնտեսությունը կարող է հայտնվել լուրջ փորձության առջև. «Հայոց աշխարհ»

Տնտեսությունը կարող է հայտնվել լուրջ փորձության առջև. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է.  «Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը հատնվելու է լուրջ փորձության առջև։ Մինչ օրս արված քայլերը վկայում են, որ նախկինում գործող հարաբերությունները ջարդել-փշրելուց բացի, կառավարությունն այլ բան չի առաջարկում։ Դա վտանգավոր գործընթաց է, որը տնտեսությանը կարող է կանգնեցնել փաստի առաջ։

Եթե նպատակը տնտեսական միջավայրի առողջացման միջոցով գործարար մթնոլորտի բարելավումն է, ապա դրա համար պետք է առաջին հերթին հանդարտ միջավայր ստեղծել։ Տնտեսությունը պահելով լարվածության մեջ, անհնարին է գործընթացների ակտիվության ակնկալել։

Այս պայմաններում տնտեսությունը դեռ որոշ ժամանակ ինքնաբերաբար կշարունակի առաջ ընթանալ։ Սակայն դա ինչ-որ պահից կդադարի, եթե չդրվեն տնտեսական գործունեության շարունակականության ապահովման հիմքերը։ Բայց այդ ուղղությամբ կառավարության քայլերը տեսանելի չեն։

Դրա հետևանքով երկրորդ ամիսն անընդմեջ տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշները Հայաստանում հետընթաց են արձանագրում։ Այդ ընթացքում արդյունաբերության աճի տեմպը կրճատվել է գրեթե քառակի։

Հաշվի առնելով իրական հատվածի ուղղակի ազդեցությունը տնտեսական ակտիվության և աճի ապահովման հարցում՝ դա լուրջ մարտահրավեր է առաջիկա զարգացումների համար։ Կասկած չկա, որ այսպես շարունակվելու դեպքում բացասական զարգացումները անտարակույս կխորանան։

Այն, ինչ անում է կառավարությունը, այսպես կոչված, հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում՝ ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ, ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։ Կազմակերպվող շուոները, որոնք երբեմն պարզապես տպավորություն թողնելու նպատակ են հետապնդում, չեն նպաստում տնտեսական գործընթացների ակտիվացմանը, առավել եւս ներդրումների ներգրավմանը։

Ո՞վ պիտի պատասխան տա տնտեսավարողների բիզնես-հեղինակության խաթարման համար, եթե պարզվի, որ «սենսացիոն բացահայտումներն» իրականում այդպիսին չեն, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։ Ասենք՝ նույն սուպերմարկետների դեպքում, երբ ի սկզբանե հայտարարված սենսացիան ամենևին էլ այն չէր, ինչը իրականում կար։ Պատահական չէ, որ բարձրացված արհեստական աղմուկը նույն արագությամբ մարեց։

Ի դեպ, խոսքը, զուտ գնահատականի մասին է, ինչը, սակայն, ներկայացվում է որպես բացարձակ ճշմարտություն։

Չարաշահումների բացահայտումը և գողացված գումարները պետությանը վերադարձնելն անշուշտ ողջունելի է։ Բայց դա չպետք է արվի տնտեսությանը վնասելու ճանապարհով։ Կառավարության վարքագիծը մի կողմից լարվածության մեջ է պահում տնտեսությանը, մյուս կողմից՝ օր օրի խորացնում է անորոշությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ