09  07  2018

Swissquote Bank-ը Հայաստանում չունի որևէ տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք. ԿԲ

Swissquote Bank-ը Հայաստանում չունի որևէ տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք. ԿԲ

Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ շվեյցարական Swissquote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով: Ըստ տարածված տեղեկությունների՝  հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով: Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը, ինչպես մեր քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է.

1. Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևէ տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:

2. Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևէ գործարք:

3. Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևէ ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:

4. Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ