Մինչև տարվա վերջ հնարավոր կլինի ապահովել պետական բյուջեով նախատեսված 4,5 տոկոս տնտեսական աճը: Այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով դեռևս ունենք բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպեր, թեև ապրիլյան դեպքերի ժամանակ որոշակի դանդաղում տեղի է ունեցել, բայց դա նորմալ է, քանի որ տարբեր երկրներում ցույցերը, հավաքները ազդում են սպառման ու տնտեսվարողների վարքի վրա:
Արամյանը նշեց, որ ըստ էության, տնտեսական քաղաքականության կուրսը շարունակում է նախորդը, հետևաբար, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի: Նա անդրադարձավ նաև խոշոր սուպերմարկետների դեպքում նախկինում եղած պայմանավորվածություններին:
«Այն ժամանակ ընտրվել է մի ուղղություն, որի շնորհիվ գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը որևէ կերպ փաստաթղթավորվի: Լավ էր, թե վատ, դա հարցի երկրորդ կողմն է: Սա գալիս է նրանից, որ գյուղատնտեսության ոլորտը ներկայումս շահութահարկով չի հարկվում: Սա ստեղծում էր խեղումներ տնտեսության մեջ: Կարծում եմ, որ ապագայում անխուսափելի է, որ գյուղատնտեսության ոլորտը պետք է բերվի հարկման դաշտ»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախկին նախարարը նշեց, որ եթե կա գրված օրենք, պետք է գնալ օրենքի հետևից: Եթե կարիք լինի օրենսդրական դաշտի վերանայման, ապա պետք է դա արվի: «Եկամտային հարկի, շահութահարկի և այլ հարկատեսակների դրույթների քաղաքականությունը ձեռք տալուց առաջ մեջ աշխատանք պետք է տարվի: Եկամտային հարկը նվազեցնելով հնարավոր է առաջանան ծախսեր, և տարբերություն չկա՝ եկամուտ ես վերցնում, թե ծախս ես առաջացնում: Որպեսզի վերաիմաստավորվի Հարկային օրենսգիրքը, առնվազն երեք-չորս ամսվա աշխատանք է պետք կատարել, որպեսզի սխալված չլինենք: Հարկային գործիքը ոչ միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենում, այլև՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ»,- հավելեց նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին՝ Արամյանը նշեց, որ ճիշտ կլինի դա շարունակել: «Դատելով նոր կառավարության գործողություններից՝ մի քանի ազդակ պետք է ընդունենք: Իմ ընկալմամբ, այս կառավարությունը վերահաստատում է, որ կենսաթոշակային բարեփոխումները ճիշտ էին, դրանք անխուսափելի են: Մենք ունենք մի իրավիճակ, որի մասին փաստեց նաև վարչապետը, որ աշխատուժի շուկայում զբաղվածների գերակշիռ մասն արդեն իսկ համակարգի մեջ է, համակարգն արդեն ցույց է տվել, որ կենսունակ է, աշխատում է, կան կուտակված խնայողություններ»,- ասաց Վարդան Արամյանը: Խոսելով հանքաարդյունաբերության մասին, լրագրողները հարցին՝ եթե նոր կառավարությունը որոշի «Ամուլսարը» չգործարկել, ի՞նչ կլինի: Ի պատասխան՝ ֆինանսների նախկին նախարարն ասաց, որ ցանկացած որոշում կայացնելուց առաջ խելամիտ է մեկտեղել դրական ու բացասական հետևանքները՝ հավելեով, որ խիստ վտանգավոր է միայն պոպուլիստական հայտարարությունների հիման վրա որոշումներ կայացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը