04 06 2018

Ի՞նչ նմանություն-տարբերություն կան գործող և նախորդ կառավարությունների տնտեսական առաջնահերթություններում

Ի՞նչ նմանություն-տարբերություն կան գործող և նախորդ կառավարությունների տնտեսական առաջնահերթություններում

արեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո ներկայացրած ծրագրում և Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայացրած ծրագրում մեկ ընդհանրություն կա՝ երկուսն էլ չունեն թվային գնահատական և երկուսում էլ հիմնականում նշված չէ խոստումներին հասնելու ճանապարհները: Սա, թերևս, բացատրվում է նրանով, որ երկուսն էլ անցումային կառավարության ծրագրեր են: Հնարավոր է նաև որ նպատակը պատասխանատվության կոնկրետությունից խուսափելն է: Դեռ կտեսնենք:

Վերլուծել ենք երկու ծրագրերը՝ ի՞նչ էր խոստանում Կարեն Կարապետյանի կառավարությունը 2016-ի երկրորդ կեսից հետո, և ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ոլորտում:

Նմանությունները

Կան մի շարք դրույթներ, որոնցում երկու կառավարություններն էլ նույնկերպ են պատկերացնում խնդիրներն ու լուծումը.

  1. Գործող կառավարությունը կարևոր է համարում հարկային պարտավորությունները կամավորության սկզբունքով կատարվեու մշակույթի ներդրումն ու ամրապնդումը. «Հարկային պարտավորությունները օրինապահորեն կատարելու դեպքում կլինի գործընկերային հարաբերությունների վրա կառուցված միջավայր»: Նախորդ կառավարությունը, նույն սկզբունքից ելնելով, օրինապահ հարկ վճարողի փաստաթուղթ ու գովասանագիր էր տալիս:
  2. Կարապետյանի կառավարությունը խոստանում էր գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայում՝ նպատակ ունենալով խթանել պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը: Փաշինյանի կառավարությունը խոստանում է գույքահարկի համակարգը կատարելագործել արմատական փոփոխություններով:
  3. Փաշինյանի կառավարությունը կարևորում է կրկնակի հարկումը բացառող ցանցի ընդլայնումը, Կարապետյանի կառավարությունը՝ ևս: Սակայն այս ուղղությամբ որոշակիություն էր մտցրել նախորդ կառավարությունը. «Հատկապես այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի կամ ակնկալում է ձևավորել ակտիվ առևտրատնտեսական կապեր»:
  4. Երկու կառավարություններն էլ տնտսական զարգացման առաջնահերթություններ են դիտարկում Գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները ու թեև կիրառվող գործիքների տարբերություն կա, բայց ընդհանուր գաղափարը նույնն է: Փաշինյանի կառավարությունը նախատեսում է բարձր տեխնոլոգիաների հեղափոխական տեմպերով զարգացում, ոլորտի ռազմավարական նպատակ դիտարկում է ռազմարդյունաբերական համալիրի կայացումը և բանակի մարտունակության զարգացումը, բոլոր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, հայկական ՏՏ, բարձր տեխնոլոգիաների արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորումն ու միջազգային շուկայում ներկայացումը, միջազգային ընկերությունների՝ Հայաստան մուտքին նպաստումը: Կարապետյանի կառավարությունը ևս նման բաներ էր խոստանում՝ գումարած խելացի քաղաքի ստեղծման հայեցակարգի մշակում: Փաշինյանի կառավարությունը գոնե ՏՏ առումով համաձայն է գործող համակարգին:
  5. Փաշինյանի կառավարությունըը խոստանում է հանքերի ոլորտում գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառում: Կարապետյանի կառավարությունը ևս դրույթ ունի ընդերքի արդյունավետ և պատասխանատու օգտագործման մասին:
  6. Էներգետիկայի ուղղությամբ ևս նպատակները գրեթե նույնն են, հատկապես՝ վերականգնվող էներգետիկայի ու անկախության ապահովման տեսանկյունից: Փաշինյանի կառավարությունը խոստանում է էներգետիկ շուկայի ազատականացում և նոր շուկաներ փնտրում: Դրույթ չկա Հայկական ԱԷԿ-ի մասին: Այնինչ Կարապետյանի կառավարությունը խոսում է այս մասին մանրամասն:

Տարբերությունները

Կան մի շարք դրույթներ, որոնց իրագործման շուրջ արմատական տարբերություն ունեն երկու կառավարությունները:

  1. Փաշինյանի կառավարությունը համարում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր խոչնդոտը ոչ թե Հարևան երկու երկրների հետ վատ հարաբերություններն են ու փակ սահմանները, այլև մրցակցության և հավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը:
  2. Փաշինյանի կառավարությունը տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է համարում մենաշնորհների բացառումը՝ շեշտելով, որ. «Տնտեսության մեջ մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ: Հետևաբար, այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է»: Կարապետյանի կառավարությունը մենաշնորհների դեմ պայքարի դրույթ չէր ներառել ծրագրում:
  3. Փաշինյանի կառավարությունն անդրադառնում է նաև ստվերի դեմ պայքարին՝ հատկապես խոշոր բիզնեսում դա ևս համարելով իշխանության հետ պայմանավորվածության արդյունք:
  4. Փաշինյանի կառավարությունը կարևոր է համարում հետադարձության ուժով վերլուծել պետության նկատմամաբ հարկային չկատարած պարտավորությունները և օրենքով սահմանված կարգով ճանապարհային քարտեզ մշակել դրանց կատարման համար: Բայց նաև երաշխավորում է քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը:
  5. Զբոսաշրջության ոլորտում Փաշինյանի կառավարության ծրագրում տնտեսական դատողություններն են շատ. Նոր կառավարությունը համարում է, որ «թավշյա հեղափոխությունը» միջազգային ասպարեզում Հայաստանի մասին դրական պատկերացումներ է տվել, ուստի զբոսաշրջությունը կշատանա: Եվ քանի որ այցերը կշատանան, ՓՄՁ-ի առջև հեռանկար կբացվի: Ուստի պետք է զարգացնել ենթակառուցվածքերն ու սպասարկման կուլտուրան: Խոստանում է տեղանքների, տրանսպորտային ուղիների հասանելիություն, օտար լեզուներով ցուցանակների կահավորում, էկոտուրիզմի, գաստրոտուրիզմի, ագրոտուրիզմի և մյուս ճյուղերի զարգացում: Կառավարության ծրագրում շեշտվում է օդային տրանսպորտի գների իջեցման ջանքերի գործադրումը՝ ավիավառելիքի շուկայի ազատականացման ու համկամենաշնորհացման միջոցով: Կարապետյանի կառավարությունը շեշտում էր զբոսաշրջային շուկաներում մարքեթինգային քաղաքականությունը, առցանց սոցիալական հարթակներում գովազդը, գյուղական բակավայրերում զբոսաշրջության զարգացման ծրագիր առաջարկում, նախատեսում քարանձավները զբոսաշրջության գոտի դարձնել, առնվազն 20 հուշարձաններ, որոնք զբոսաշրջային վայր չեն, դարձնել նման վայր, մեծացնել առանց արոնագրի մուտք գործող երկրների թիվը և արդյունքում՝ 5 տարում եռապատկել զբոսաշրջիկների թիվը:
  6. Փաշինյանի կառավարությունը խոստանում է գյուղատնտեսությունը ևս հեղափոխական եմպերով զարգացնել, արդյունավետությունը բարձրացնել՝ բոլոր օղակները հաշվի առնելով: Անթույլատրելի է համարում գյուղնշանակության հողերի 1/3-ի անմշակ մնալը, կարևոր համարում բոլոր տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելը: Խոսում է կաթիլային ոռոգման ու ինտենսիվ պտղատու այգիների շատացման մասին, դժգոհում հակակարկտային կայաններից, խոստանում օգնել աշխատավորին գյուղատնտեսությամբ բարեկեցիկ կյանք ապահովել: Փաշինյանի կառավարությունը խոստանում է թեթևացնել հարկային բեռը՝ համաներելով հարկային պարտավորությունները չկատարած գյուղացիների տույժ-տուգանքները և վարկային պատմությունները ճշգրտել: Գյուղմթերքն արտահանելու ուղղությամբ բոլորի համար խոստանում է նոր շուկաներ: Գյուղատմտեսության ոլորտում ևս Կարապետյանի կառավարությունը փորձել էր բաց չթողնել որևէ ուղղություն և այս առումով գերազանցել է Փաշինյանի կառավարության ծրագրին: Նմանությունները, թերևս, կաթիլային ոռոգման, ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցի ու գյուղատնտեսության թվայնացման մասով են: Կարապետյանի կառավարությունը խոստանում է նաև սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացում, անտառային ոլորտի բարեփոխումներ, բնապահպանական աղետներից պաշտպանություն, սպանդանոցների հիմնում, կոնյակի վարկանշի և գինու որակի բարձրացում, պարարտանյութի և դիզվառելիքի գների սուբսիդավորում:
  7. Փաշինյանի կառավարության ծրագրում ներդրումային հատվածը դուրս է թռել, միայն խոսում է, որ հեղափոխության բերած դրական ֆոնի արդյունքում Հայաստան ներդրումներ կգան: Այնինչ Կարապետյանի կառավարությունն անդրադարձել է ներդրումային միջավայրին, ներդրումների ներգրավմանը, խրախուսմանն ու պաշտպանությանը, ներդրումային ֆոնդի ստեղծմանը:
  8. Նիկոլ Փաշինյանը խոստանում է բնակչության կենսամակարդակի բարելավում, զբաղվածության աճ, կենսաթոշակի և աշխատավարձի իրական աճ, կենսաթոշակային համակարգի բարեփոխում: Կարապետյանի կառավարությունն էլ խոստանում էր ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման վրա, իսկ աշխատավարձի ու թոշակների մասին խոսք չկար:

Բացակայությունները

Կան դրույթներ, որոնք ծրագրերից մեկում կա, մյուսում՝ ոչ: Դրանք փոքր թիվ չեն կազմում և, ամենայն հավանականությամբ, դարձյալ բացատրվում են ծրագրերի անցումային լինելով:

Կարապետյանի կառավարությունն անդրադառնում է գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի կրճատմանը, առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխությանը՝ պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով, որակի հսկողությանը, բիզնես հաշտարարի ինստիտուտին, ինքնազբաղված անձանց համար առավել արտոնյալ պայմանների սահմանմանը:

Կարապետյանի կառավարության ծրագրում անդրադարձ կա արտահանման խթանմանը, խոստանում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայում և արդիականացում, Հայաստանի համար արտոնյալ առևտրան ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքներն արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում: Արտահանման ուղղությունը Փաշինյանի կառավարության ծրագրում չկա:

Կարապետյանի կառավարությունն անդրադարձ է կատարում հարկային և մաքսային համակարգերին, խոստանում հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխում, մարմինների թափանցիկություն և այլն: Այս ոլորտը ևս Փաշինյանի կառավարության ծրագրում չկա:

Փաշինյանի կառավարությունը խոստանում է երկաթուղու սակագների բարելավում, գազ-հոսանք-ջրի ոլորտում կորուստների նավզում, երկաթուղու սակագների բարելավում, ողջ երկրով պատշաճ տրանսպորտային համակարգ, մետրոպոլիտենի արդիականացում և ճյուղավորում, արագաչափերի տուգանքների պրակտիկայի վերանայում:

 

Փաստենք, որ եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձ էր արել տնտեսական բլոկում ներառել հնարավորինս շատ ճյուղեր և ուղղություններ, թեկուզ՝ մեկ տողով, Փաշինյանի կառավարության ծրագիրը հիմնականում ընդհանուր ձևակերպումներ է տալիս:

Ծրագրի արտաքին քաղաքական դրույթները՝ այստեղ:

Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը՝ այստեղ:

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ