22 05 2018

Նոր կառավարությունը ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա նաև կարող են բարձրացնել թոշակները. Շարմազանով

Նոր կառավարությունը ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա նաև կարող են բարձրացնել թոշակները. Շարմազանով

Մայիսի 22-ին Ազգային ժողովը քննարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, թե արդյոք վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ:

«Մենք նախորդ տարի արձանագրել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, իսկ մեկ տոկոս տնտեսական աճը 14 մլրդ դրամ է: Եթե կենսաթոշակ բարձրացնելու հարցն առաջանահերթ չի, դուք ասեք, թե որտեղ է գերնորմատիվային աճի փողերը ծախսվել, եթե տեղյակ եք»,-ասաց Մելքումյանը:

Ի պատասխան փոխնախարար Սաիյանն ասաց, որ իր կարծիքով նման հնարավորություն չի եղել:

« 2-3 հազար դրամով կենսաթոշակներն ավելացնելու համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 12-15 մլրդ դրամ: Հեռու եմ այն մտքից, որ նման հնարավորություն եղել է, բայց չեն բարձրացվել թոշակները: Այլ հարց է, որ դուք կարող եք մատնանշել աղբյուրներ, բայց այդ հարցն ինձ ուղղված չպետք է լինի, որովհետեւ ֆինանսական ծախսային քաղաքականության առաջնահերթությունները սոցապնախարարությունյը չէ, որ որոշում է»:

Տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հին կառավարությունը նոր կառավարությանը ժառանգել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա նաև կարող են բարձրացնել թոշակները:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նորից անդրադարձավ 7,5 տոկոս տնտեսական աճին.

«Ես սպասում էի, որ դուք գնայիք, ասեիք՝ ո՞նց եք վերաբերվում, որ ընդդիմությունն ասում էր 7.5 տոկոսը տնտեսական աճը նկարած է, բայց Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է, այսինքն` ընդունում են, որ նկարած չէ։ Կամ` գնաք պարոն վարչապետին կամ փոխվարչապետին ասեք՝ էս, որ 6 ամսից ավելի է, ինչ ասես ասում եք` որ ԵԱՏՄ-ն մեր անվտանգության շահերից չի բխում, ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ թշնամական են տրամադրվել, հիմա չեք ասում»։

ԱԺ փոխնախագահը չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ պետի հայտարարությունը՝ նշելով, ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է, եթե մի բան ասում է, գիտի՝ ինչ է ասում:

«Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինության, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսներն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ և չգիտեմ` բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց բիզնես չունեմ»,- ասաց նա:

Խոսելով ՀՀԿ-ականների շարքերում չարաշահումներ թույլ տվածների մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, և օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ