15  05  2018

2 միլիոն ժամ՝ առանց վնասվածքների. ցուցանիշներ Ամուլսարի հանքի շինարարական փուլից



Ամուլսարի հանքի շինարարական աշխատաքները մոտենում են ավարտին: Շուտով կմեկնարկի հանքի շահագործումը: Ինչպե՞ս են անցել աշխատանքները, աշխատանքային անվտանգության ի՞նչ չափանիշներ են գործում, որքանո՞վ էին պատրաստ տեղական կապալառու ընկերությունները խիստ չափորոշիչներին, ինչպիսի՞ն է իրավիճակը բնապահպանական անվտանգության առումով: Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ:

  • Պարոն Ստեփանյան, Ամուլսարի հանքի կառուցման շինարարական ամենաակտիվ աշխատանքները կատարվել են ամբողջ 2017-ի ընթացքում, երբ իրականացվել է հանքաշինության ընդհանուր աշխատանքի կեսից ավելին և ամենաբարդ հատվածը և որևէ պատահար չի գրանցվել, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել:
  • Իրականում նախքան շինարարական աշխատանքների մեկնարկն ահռելի աշխատանք է կատարվել, որպեսզի ստանդարտներն ու ընթացակարգերը, որոնք կբերեին լավ ցուցանիշների, պահպանվեն: Դա վերաբերում է և աշխատանքային անվտանգության, և բնապահպանական և սոցիալական ազդեցություններին: Այսինքն, բոլոր կառավարման պլանները, որոնք մենք ժամանակին ներկայացրել էինք հանրության դատին, լրացուցիչ կազմվեցին հատուկ ընթացակարգեր, որոնց կիրառման ընթացքում հնարավոր էր այդ կառավարման պլանները պատշաճ ձևով իրականացնել: Ամենավերջին հրապարակած ցուցանիշներից մեկը կարևոր ազդակ է, որ աշխատանքները կատարվում են լավագույն միջազգային փորձն համապատասխան. Խոսքը 2 միլիոն ժամերն են, որոնք ծախսվել են առանց ժամանակավոր անաշխատունակության հանգեցնող վնասվածքների: Այսինքն՝ չեն եղել գրանցված այնպիսի վնասվածքներ, որոնց արդյունքում աշխատողը չի վերադարձել հաջորդ օրը աշխատանքի: Բոլոր վնասվածքները, որոնք մարդիկ ստացել են շինարարության ժամանակ, եղել են աննշան: Անվտանգության մշակույթը, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ մեր երկրում օրինակելի չէ և հետևելով ավելի խիստ ճանապարհի, այդ մշակույթի կիրառումն ավելի իրատեսական ենք դարձնում:
  • Առողջության պահպանման և անվտանգության ի՞նչ նորմեր են գործում ընկերությունում և արդյո՞ք դրանք տարբերվում են շինարարական պրոցեսում և արդեն բուն հանքի շահագործման ժամանակ:
  • Շինարարական աշխատանքներն ընդհանրապես ավելի ռիսկային են համարվում աշխատնքային անվտանգության առումով: Մի կողմից հենց բուն շինարարական աշխատանքներն են ռիսկային, մյուս կողմից տարբեր կապալառուների հետ ենք աշխատում, որոնց մոտ անվտանգության առումով տարբեր մշակույթներ են, մեկի մոտ լավ է, մեկի մոտ թերի է, բայց ժողովրդական լեզվով ասած՝ այստեղ ներում-բեկում պետք է չլինի: Եթե գործը հասնում է անվտանգության և բնապահպանության հարցերին, ապա հետևանքները շատ խիստ են լինում և դա է հենց այն հիմքը մշակույթի ստեղծման, որ կամաց-կամաց ներարկվում է: Միջազգային չափորոշիչներով կառավարման համակարգեր են գրվել, ստանդարդներ և ընթացակարգեր՝ տարբեր ռիսկային տեղերում ինչպես պետք է աշխատել: Կան կոնկրետ չափորոշիչներ, որոնց պետք է հետևել կոնկրետ վայրում աշխատելիս, որպեսզի խուսափենք վնասներից: Ընդհանրապես ընկերության մոտեցումը եղել է հետևյալը. հիմքը պետք է լինի ՀՀ-ում գործող ընթացակարգերը, անկախ նրանից՝ աշխատանքային անվտանգությո՞ւն է, թե՞ որևէ այլ բան: Համեմատել ենք տեղականը միջազգայինի հետ և բոլոր դեպքերում առաջնորդվել առավել խիստ տարբերակով: Ասեմ ավելին, որոշ դեպքերում հայկական ընթացակարգերն ավելի խիստ են քան միջազգայինը:
  • Ինչպե՞ս էին արձագանքում ընկերության աշխատակիցներն այդ խիստ ընթացակարգերին:
  • Կան բաներ, որոնք խստիվ արգելվում են. Օրինակ՝ ալկոհոլի կիրառումը, թմրամիջոցների օգտագործումը կամ զենքի կրումը: Եթե աշխատակիցը ոչ սթափ վիճակով է ներկայանում աշխատանքի, այս դեպքում չի քննարկվում, եթե մեր աշխատակիցն է, ապա ազատվում է աշխատանքից, եթե կապալառուինը, ապա դա ինքն է որոշում, բայց մենք արգելում ենք տվյալ աշխատակցին մուտք գործել տարածք: Եթե նույն հարցը տայիք երկու տարի առաջ, մի քիչ ավելի վատ էին ընդունում դա: Բայց տարիների ընթացքում մշակույթը փոխվեց, շատ դեպքեր ենք լսում, որ, օրինակ, մարդիկ այդ մշակույթը տանում են նաև ընտանիք: Մեր աշխատակիցներից մեկը, որ հենց աշխատում է աշխատանքային անվտանգության բաժնում, թույլ չէր տվել ծնողներին սննդի արտադրություն բացել, քանի չէին ապահովել անվտանգությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ պայմանները:
  • Իսկ էկոլոգիական անվտանգության տեսակետից իրավիճակն ինչպիսի՞ն է, եթե նկատի ունենանք նաև տարբեր բողոքի ակցիաներն ու ահազանգերը, որոնք խոսում են բնապահպանական ռիսկերի մասին:
  • Շինարարական փուլում այն, ինչ որ կանխատեսված էր, բացառությամբ մեկ-երկու դեպքերի, ազդեցությունը եղել է կանխատեսվածի չափ, շատ դեպքերում՝ նույնիսկ կանխատեսվածից քիչ: Այս պահի դրությամբ կարելի է գրանցել, որ շրջակա միջավայրի ազդեցության տեսակետից աշխատանքներն իրականացվում են լավ: Եվ դա մենք արտացոլում ենք մեր տարեկան կայուն զարգացման հաշվետվություններում: Առաջինը լույս է տեսել անցած տարի՝ օգոստոսին, հաջորդը լույս կտեսնի այս տարի՝ էլի ամռանը, որում կնշենք այն բոլոր խնդիրները, որոնք ունեցել ենք 2017 թվականին: Եթե ընդհանրացնենք, ապա շատ լավ ցուցանիշներ ենք գրանցել: Բացի այդ, մենք անընդհատ աուդիտի ենք ենթարկվում մեզ ֆինանսավորողների կողմից: 2017 թվականի աշխատանքները նույնպես գնահատվել են շատ լավ, ավելին՝ ոլորտներ կան, որ անգամ գնահատվել են որպես օրինակելի: Օրինակ օրինակելի է գնահատվել կենսաբազմազանությանն ուղղված աշխատանքները: Այս դեպքում հենց բառացի գրված էր, որ օրինակելի մոտեցում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ