20 04 2018

Ինչի՞ համար է պատասխանատու առաջին փոխվարչապետը

Ինչի՞ համար է պատասխանատու առաջին փոխվարչապետը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ապրիլի 20-ին կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպմանը քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանը, մասնավորապես նշել է.

«Ֆունկցիաների բաժանումը հետևյալ կերպ ենք կատարել՝ ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, և շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք: Ի՞նչ եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը: Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք: Բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր են»:

Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը և այլն ուղղությունների: Առաջին փոխվարչապետը նշել է, որ գերատեսչությունների ծրագրերի վերանայումից հետո դրանք լրացուցիչ կքննարկվեն իր մոտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ