05  03  2018

Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք. Կարեն Կարապետյան



Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018թ. անելիքներին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվականը:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է  89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազ. դրամ, որը 2,3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը և կարևորել արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունենք: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները:

«Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով», - նշել է վարչապետը:    

Մանրամասն՝ կառավարության տրամադրած տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ