16  02  2018

Հարկային օրենսգրքի 6 ամենակարևոր փոփոխությունները

Հարկային օրենսգրքի 6 ամենակարևոր փոփոխությունները

Հունվարի 1-ից Հայաստանում գնաճ է նկատվում արագընթաց տեմպերով: Ամենամեծ գնաճը եղել է բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի շուկայում: Առաջին հերթին թանկացումները կապված են հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քանիցս ներկայացրին հարկային օրենսգրքի որոշ դրույթներ նախկին տեսքով վերականգնելու վերաբերյալ, որոնք, սակայն, չընդունվեցին:

Ստորև ներկայացնում ենք հարկային օրենսգրքի բովանդակային 6 փոփոխությունները՝ ի՞նչ ունեինք նախկինում, ի՞նչ կա այժմ:

 

1. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄ

Նախկին օրենք

ա) Եթե յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մինչև հունիսի 30-ը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով չի գումարվել և կուտակված շահույթը չի բաշխվել, ապա հունիսի 30-ին չբաշխ­ված շահույթը հարկման նպատակով համարվելու է ամբող­ջու­թյամբ բաշխված որպես շահաբաժին՝ առանց ընդհանուր ժո­ղո­վի որոշման, որից պետք է վճարվի ոչ ռեզիդենտ կազ­մա­կեր­­­պու­թյուն­ների համար առաջացող շահութահարկի գու­մարը։

բ) Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ենթակա է հարկ­ման 01.01.2017թ. հետո հայտարարված շահաբաժինները՝ ան­կախ այն հանգամանքից, թե որ տարվան է վերաբերում կու­տակ­ված շահույթը:

գ) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ենթակա է հարկման 01.01.2018թ. հետո հայտարարված շահաբաժինները՝ անկախ այն հանգամանքից, թե որ տարվան է վերաբերում կուտակ­ված շահույթը:

 

Փոփոխված տարբերակ

ա) Հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված (փաս­­տացի բաշխված) շահաբա­ժին­ները՝ հանելով յուրա­քան­չ­յուր տար­վա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը։

բ) Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում հարկել 2017 թվա­­­կանի և դրան հա­ջոր­­դող հաշվետու ժամանակա­շրջան­նե­րում առաջացած շահույթի բաշ­խումից առա­ջացած շահա­բա­ժինները։

գ) Ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում հարկել 2018 թվա­­կանի և դրան հա­ջոր­­դող հաշվետու ժամանակա­շրջան­ներում առա­ջացած շահույթի բաշ­խումից առա­ջացած շահա­բա­ժին­ները։

 

2. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ

Նախկին օրենք

Նախկինում վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանց­ված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամա­նա­կաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի փաստացի շահութահարկի գումարներից։ Ըստ էության, սահ­ման­վել է 01.01.2017թ. դրությամբ առկա նվազագույն շահութա­հարկի գծով գերավճարները «զրոյացնելու» իրավական նորմ։

 

Փոփոխված տարբերակ

Նվազագույն շահութահարկի գերավճարների «զրոյաց­ման» իրավական նորմի վերացում՝ թույլ տալով նվազագույն շահութա­հարկը նվազեցնել շահու­թահարկի փաստացի գու­մարի և այդ տարվա շահու­թահարկի կանխա­վճարի դրա­կան տարբեր­ություն առաջանալու դեպ­քում՝ առանց ժամկետային սահմանափակման:

 

3. ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՎԱՐ­ԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՓՈԽ­ՀԱ­­ՏՈՒՑՈՒՄ՝ ԵԿԱՄՏԱ­ՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ

Նոր օրենք

Հիպո­տեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտա­յին հարկի գումար­նե­րից փոխհատուցելու մասով սահմանվեցին որոշակի սահմանա­փա­կում­ներ: Մասնավորապես,

ա) 2018 թվա­­­կանի հունվարի 1-ից հետո ստացված և կառու­ցա­պա­տողից, պետությունից կամ համայն­քից փաստացի բնա­կա­րան ձեռք բերելուն կամ կառուցապատողից անհա­­տա­կան բնա­կելի տուն ձեռք բերելուն ուղղված հիպոտե­կա­­յին վարկի սպա­­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդի­սա­ցող ֆիզի­կա­­կան անձի կողմից վճարված տոկոս­ների գումար­ների չա­փով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը վարձու աշ­խա­տող հանդիսացող ֆիզի­կա­կան անձանց չի փոխհա­տուցվում, եթե բնա­կարանի կամ անհա­­տա­կան բնա­կելի տան ձեռք բեր­ման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը,

բ) 2018 թվա­­կանի հունվարի 1-ից հետո ստացված և կառու­ցա­պատողից, պետությունից կամ համայն­քից փաստացի բնա­կա­րան ձեռք բերելուն կամ անհա­տական բնակելի տան կա­ռուցմանը կամ անհա­տական բնակելի տան ձեռք բերելուն փաս­­տացի ուղղված հիպոտեկային վարկի սպա­սարկ­ման հա­մար վճարվող տոկոսների գումարների չափով վարկառուին և համավարկառուներին փոխհատուցման ենթակա եկամ­տային հարկի գումարը յուրաքանչյուր եռամ­սյակի համար յուրա­քանչ­յուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհա­տական բնակելի տան կամ ձեռք բերված անհա­տական բնակելի տան  մասով չի կարող գերա­զան­ցել 1,5 մլն. դրամը:

գ) 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վե­րա­դարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում արպես համա­վար­կառու։

 

4.  ՆԵՐԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Նախկին օրենք

Հարկային օրենսգրքով վերացվել էր ներգնա զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու իրավական նորմը:

 

Նոր օրենք

Ներգնա զբոսաշրջության ոլոր­տի՝ ԱԱՀ-ից ազատման ար­տո­­նությունը վերականգնվեց:

 

5. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐ­ՏԻ ՀԱՐԿՈՒՄ

Նախկին օրենք

Ոլորտը հարկվում էր արտոնագրային հարկով (վճարով)։ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում այն իրա­վական նորմը, ըստ որի մինչև 100 քմ (ներկայում գործող օրենսդրությամբ սահմանված՝ 600 քմ փոխարեն) մակերես ունե­ցող սպասարկման սրահների միջոցով գործու­նեություն իրակա­նաց­­նող հարկ վճարողները կշարունակեն համարվել արտո­նա­գրային հարկ վճարող, իսկ 100 քմ գերազանցող մակերես ունե­ցող սպասարկման սրահների միջոցով գործունեությունը կհարկ­վի ընդհանուր հարկման համակարգով։

 

Նոր օրենք

ա) Մինչև 2018 թվա­­կանի հուլիսի 1-ը վերականգնել 600 քմ շեմը, որը հնարավորություն կընձեռի ոլորտում գործող տնտե­սա­վարողների հարկային բեռը չավելացնել մինչև 01.07.2018թ.-ը։

բ) Սահմանել, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակեր­պու­թյուն­ները և անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տե­սակի մասով 2018 թվա­­կանի հուլիսի 1-ից համարվում է և չի դադարում համարվել շրջանառու­թյան հարկ վճարող։

գ) Սահմանել, որ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունը հաշվարկվում է որ­պես հանրային սննդի ոլորտում իրականացվող գործու­նեու­թյունից ստացվող եկամուտների 10 տոկոսի և տվյալ հաշ­վետու ժամա­նա­կաշրջանում հանրային սննդի ոլորտում իրա­կանացվող գործու­նեու­թյան հետ անմիջա­­կանորեն կապված՝ սահ­մանված կարգով հաշվարկային փաստաթղթերով հիմնա­վոր­ված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների) հան­րա­գումարի 6 տոկոսի տարբերություն:

 

6.  ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ՝ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՈՒՄ

Նախկին օրենք

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 2017 թվականի դեկ­տեմբերի 31-ը ներառյալ գործող խմբագրությամբ դիզելային վա­ռելիքի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է մաք­սա­յին արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծ­ման դեպքում՝ ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 տոնայի համար 35000 դրամ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործող խմբագրությամբ, դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումն ազատվում է ԱԱՀ-ից:

2018 թվականի հունվարի 1-ից, ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է 1 տոննայի համար 13000 դրամ, միաժամանակ, դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտա­րումը ենթակա է ԱԱՀ-ով հարկման օրենսգրքով սահման­ված կարգով։

 

Նոր օրենք

Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվա­կանի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրան­քա­յին մնա­ցորդ­նե­­րի մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկից ենթակա է հաշվանցման յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամ (35000-13000)՝ 2018 թվականի առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ակցիզային հարկի և ԱԱՀ-ի միասնական հաշվարկում՝ որպես մատակարարին վճա­րած ակցիզային հարկ:

 

Տեղեկատվության աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ