15  02  2018

Amazon-ը աշխատանքից կազատի հարյուրավոր աշխատակիցների

Amazon-ը աշխատանքից կազատի հարյուրավոր աշխատակիցների

Աշխարհում խոշորագույն առցանց ռիթեյլեր Amazon ընկերությունը մի քանի հարյուր աշխատակցի կազատի աշխատանքից, այդ թվում՝ Սիեթլում իր գլխավոր գրասենյակում: Այս մասին հայտնում է seattletimes.com-ը:

Կկրճատվեն, մասնավորապես, տարբեր վաճառքների, այդ թվում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս իրականացվող վաճառքների համար պատասխանատու բաժինների աշխատակիցները:

Լրատվամիջոցները փաստում են, որ աշխատակիցների հեռացումն Amazon-ի համար անսովոր քայլ է, քանի որ վերջին տարիներին ընկերությունը, ընդհակառակը, ակտիվ ընդլայնում է իր անձնակազմը: Վերջերս մի շարք բաժիններում նոր աշխատակիցների ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է:

Սպասվում է, որ ընկերությունը կհայտարարի զանգվածային կրճատումների մասին մի քանի շաբաթվա ընթացքում: Amazon-ից հրապարակման առնչությամբ հայտնել են, որ որոշ աշխատակիցների իսկապես նախատեսվում է կրճատել, բայց թե կոնկրետ ինչ թվի մասին է խոսքը՝ չեն հստակեցրել:

Միաժամանակ նշենք, որ Amazon ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ իր շուկայական արժեքով առաջ է անցել Microsoft ընկերությունից՝ այդ ցուցիչով համաշխարհային ընկերությունների թվում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը` Apple-ից և Alphabet-ից հետո: Այդ մասին հայտնում է CNBC-ն:

Amazon-ի շուկայական արժեքը կազմել է 702,46 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ինը՝ 700,56 միլիարդ դոլար:

Apple-ի և Alphabet-ի շուկայական արժեքները կազմել են, համապատասխանաբար, 849,24 միլիարդ և 744,73 միլիարդ դոլար:

Microsoft-ին հետևում են չինական Tencent-ը և Facebook-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ