15  02  2018

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչև 300-ի

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչև 300-ի

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչև 300-ի: Այս մասին հայտարարություն է տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում ասվում է. «Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տևական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով Ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին։

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից Ընկերության հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։ Այնուամենայնիվ, Ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի Ընկերության առջև ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո Ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն Ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաև հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ։

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս  պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, Ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ