13  02  2018

Իրանը Հայաստանին ավելի էժան գներով գազ չի առաջարկել. Հայկ Հարությունյան

Իրանը Հայաստանին ավելի էժան գներով գազ չի առաջարկել. Հայկ Հարությունյան

Ռուսական գազի մատակարարումների ծավալը 2017 թվականին կազմել է 1996 միլիարդ խորանարդ մետր՝ տարեկան կտրվածքով աճելով 7 տոկոսով: Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ աճել է նաև իրանական գազի մատակարարումը՝ 2.5 տոկոսով: 

«Նախատեսվում է իրանական գազի մատակարարման աճ էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի շրջանակներում»,- նշեց փոխնախարարը:

Կողմերն անընդհատ բանակցություններ են վարում ռեժիմային յուրահատկությունների եւ մատակարարումների ծավալի շուրջ՝ իրանական և հայկական գործընկերների փոխայցելությունները կանոնավոր բնույթ են կրում: Հայկ Հարությունյանը վստահեցրեց, որ այս պահին  չկան տեսանելի և էական խոչընդոտներ գործարքի ընդլայնման ճանապարհին:

Փոխնախարարը նաև նշեց, որ 2018 թվականի հունվարին հայկական էլեկտրաէներգիայի՝ Իրանին մատակարարման ծավալները 2017 թվականի համեմատ աճել է 104 տոկոսով: Ըստ նրա, աճի միտումը կպահպանվի նաև փետրվարին:

 «Սակայն ես չեմ կարող ասել, որ մատակարարումները կավելանան ամեն ամիս, քանի որ ներկայիս տաք եղանակային պայմաններում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է: Սա բարդ գործընթաց է, և անհրաժեշտ է հաշվի առնել ռեժիմային առանձնահատկությունները»,- նշեց Հարությունյանը:

Փոխնախարարը մեկնաբանեց նաև Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի այն հայտարարությունը, որ Իրանը գազամատակարարումների բանակցություններ է վարում և «հարմար գներ» առաջարկում: Հարությունյանը նշեց, որ Իրանն առայժմ Հայաստանին ավելի էժան գազ չի առաջարկել, քան ռուսականն է: Գնային կոնկրետ առաջարկներ ստացել են, սակայն հրաժարվեց հրապարակել, թե իրանցիները հատկապես ինչ գներ են առաջարկում: Նրա խոսքով՝ Հայաստան իրանական գազի մատակարարումների հարցը մշտապես օրակարգում է:

«Իրանը շահագրգռված է գազի արտահանման մեծացմամբ, Հայաստանը շահագրգռված է ավելի մատչելի գնով գազի ձեռքբերմամբ: Բանակցությունների ընթացքում մենք բազմիցս նրանց ասել ենք, որ այլընտրանքային մատակարարումների կարիք ունենք, սակայն իրանցիները մինչև հիմա մեզ ավելի ցածր գներ չեն առաջարկել»,- շեշտեց նախարարը:

Հայկ Հարությունյանը խոսեց նաև ատոմակայանի վերակառուցման մասին: Մասնավորապես նա նշեց, որ ատոմակայանի վերակառուցման ծրագրի արդյունքում ունենալու ենք հզորության առնվազն 10% ավելացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ