13  02  2018

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձյալ 6 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձյալ 6 տոկոս

2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով և միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ: Խորհուրդը գնահատում է, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով:

Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը: Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ, տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ