12  02  2018

Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ համատեղ ծրագրերի մասին

Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ համատեղ ծրագրերի մասին

Այս պահի դրությամբ էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն ենք ձևավորել Հայաստանի հետ: Այս մասին փետրվարի 12-ին ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Վերջերս երկարաձգվեց միջկառավարական պայմանագիրը, որը վերաբերում էր գազ-էլեկտրաէներգիայի դիմաց  համաձայնությանը, և որի շրջանակներում պետք է երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման հանձնվի։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք այդ իրադարձության»,- նշեց նա։ Դեսպանն ասաց նաև՝ պայմանավորվածության համաձայն Իրան արտահանվող էներգետիկայի դիմաց Հայաստանը գազ կստանա:

«Եթե Հայաստանին հաջողվի հարևան պետություններից գազ գնել, մենք պատրաստ ենք մեր ծառայություններն իրականացնել: Մենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Այս հարցը քննարկվում է, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ  ոլորտում մի քիչ աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծվելուն»,- նշեց Սաջադին:

Դեսպանը անդրադարձավ նաև Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացմանը՝ նշելով, որ դրա պատճառը իրենք չեն, ոչ էլ ՀՀ կառավարությունը:

«Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ կփորձի այդ ծրագրին վերջնական տեսք տալ: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք: Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»,- ընգծեց դեսպանը: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղու հեռանրակներին, դեսպանն ասաց. «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանը կարող է օգտվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից՝ դեսպանը նշեց, որ Իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ