01  02  2018

Կառավարության անդամները հերթական անգամ կամփոփեն տարին



Կառավարության՝ փետրվարի 1-ի նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին:

Առաջին հանձնարարականը հանրապետական գործադիր մարմինների  գործունեության վերաբերյալ էր: Հանձնարարեց 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017թ. նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը Համաշխարհային տնտեսական համաժողովում մասնակցության արդյունքների վերաբերյալ էր: «Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ»,- նշեց վարչապետը և  հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։

Վարչապետը հանձնարարական է տվել նաև արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման վերաբերյալ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։  Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- ասաց Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարեց արդարադատության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20-օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ: «Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում  Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչու ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում»,- նշեց վարչապետը: 

 

Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ էր։

Հանձնարարականներն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ