11  01  2018

Գարեգին Նուշիկյանը տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոն կկառուցի

Գարեգին Նուշիկյանը տարածաշրջանում նմանը չունեցող կենտրոն կկառուցի

Կառավարությունն հունվարի 11-ի իր նիստում հավանություն տվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած՝ «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի՝ հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:

Ըստ նախագծի՝ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, 99 տարով վարձակալության իրավունքով:

Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում 60 ամսվա ընթացքում կհիմնվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով։

Նախագծում ասվում է, որ սա էական խթան կհանդիսանա զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70%-ը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն դոլար, իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 350 աշխատատեղ` միջինը 200 000 դրամ աշխատավարձով։

Նշենք, որ «Պարկ գրուպ» ԱՊԸ-ի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ