10  01  2018

Քաղաքացին արդեն կարող է նախապես իմանալ թե մեքենան որքանով կմաքսազերծվի

Քաղաքացին արդեն կարող է նախապես իմանալ թե մեքենան որքանով կմաքսազերծվի

Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում հանդես է եկել նորամուծությամբ: ՊԵԿ-ը հայտնում է, որ 2018 թվականի հունվարի 8-ից պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա:

«Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները և էլեկտրոնային կայքերը»,- ասել է Տիգրան Մինասյանը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ: «Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»: Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի և կթարմացվի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ