27  12  2017

2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը. Կարեն Կարապետյան

2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը. Կարեն Կարապետյան

Տարվա ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել  B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին և պատասխանել մի շարք հարցերի՝ անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, սպասվող ծրագրերին և քաղաքական սպասվող իրադարձություններին:

Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ:

– Պարոն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Կխնդրեի գնահատեիք Ձեր և Ձեր թիմի կատարած աշխատանքը։ Որքանո՞վ եք բավարարված։

– Այն տեսանկյունից, թե ինչ էինք ի սկզբանե պլանավորել, ինչ թվեր էինք ասել, այդպես մոտենալու դեպքում գնահատականը բավականին բարձր կլինի։ Որովհետև ինչ թիրախներ դրել էինք այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները դրանցից բարձր են: Նշանակո՞ւմ է, որ մեր թիմն ամբողջությամբ գոհ է, ու բաներ չկան, որ կարող էինք ավելի արագ, ավելի էֆեկտիվ անել, իհա՛րկե ոչ: Դրա համար կարևոր է, թե ինչն ենք դնում գնահատականի մեջ. ինչ պլանավորել ենք՝ կատարել ու գերակատարել ենք: Ներքին հանգստություն կա՞, որ ամեն ինչ լավ է՝ ոչ։ Բաներ կա՞ն, որոնցից բավարարված չենք՝ այո:

- Օրինակ, ինչի՞ց բավարարված չեք:

–  Եթե նշեմ, թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները։ Բայց անբավարարվածություն, որ կա մի բանից և որը թիրախավորված չէ, հետևյալն է՝ չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա, հավատա, որ սա է ճանապարհը, արդյոք մենք հասե՞լ ենք դրան, թե՞ ոչ: Որոշակի ոգևորություն բիզնես միջավայրում զգում ենք: Պարզ է, որ հասարակության խնդիրներն անհնար էր լուծել՝ նույնիսկ այս ցուցանիշներից ավելի լինելու դեպքում: Նա, ում կյանքի որակը քիչ թե շատ լավացրել է, շատ չի բարձրաձայնում դրա մասին:

 

- Արտաքին առևտրի մասին. արդեն մի քանի օր է՝ գրեթե բոլոր հեռուստաալիքներով շեշտվում է, որ արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Դա այդպես է։ Սակայն, մյուս կողմից, ներմուծումն ավելի արագ է աճում, ինչը նշանակում է, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճում է։ Բայց չէ՞ որ կառավարությունը խոստացել է առաջիկա տարիներին արտահանումը հասցնել ներմուծմանը։

- Արտահանման և ներմուծման հարաբերակցությունն այժմ 1,7-ից մի քիչ բարձր է, ինչը վատ չի։ Սա՝ մեկ։ Իսկ 2 մլրդ դոլարից ավելի արտահանումն իրոք տպավորիչ թիվ է, որովհետև 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում արտահանել ենք 1,8 մլրդ դոլարից քիչ ապրանք։ Եվ երրորդ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է, որ ներմուծման մեջ 51%-ից ավելին կապիտալ և շրջանառու միջոցներն են։ Հիմա դուք ասում եք՝ ներդրումներ։

 

-Աղքատության մասով. 2016 թվականի աղքատության մակարդակի մասին Ձեզ հարց չեմ տա, որովհետև ըստ էության դա Ձեր կառավարության հետ կապ չունի։ Բայց եկեք 2017 և 2018 թվականների վիճակը փորձենք կանխատեսել։

– Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ։ Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք, և՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը:

 

- Ընդհանրապես մենք կարո՞ղ ենք հավատալ պաշտոնական վիճակագրությանը։

– Հարկվող ոլորտների մասով՝ այո։ Որովհետև մենք բազմաթիվ հետադարձ «սիգնալներ» ենք հետ ստանում։ Իսկ օրինակ՝ գյուղատնտեսության մասով որոշակի կասկածներ կան, որովհետև չի հարկվում, և տվյալների ճշգրտության մասով խնդիրներ կան։

Ինչ վերաբերում է մեր 23.5%-ին և Մեդվեդևի հնչեցրած 30%-ին, ամբողջ աշխարհում այդ երևույթը կա։ Օրինակ, մենք ապրանքը արտահանում ենք, այստեղ արժեքը ֆիքսում ենք 1 դոլար, հետո դրա վրա ավելանում է 20 սենտ տրանսպորտային ծախս և ներմուծող երկրում դառնում է 1,2 դոլար։ Սա բազմաթիվ պատճառներից մեկն է։

 

- Դուք համայնքներ այցելելիս՝ համայնքապետերին կոչ եք անում՝ երազանք ունենալ։ Իսկ Դուք՝ որպես վարչապետ, ի՞նչ երազանք ունեք, երկրի մասշտաբով։

– Տրամաբանական, զարգացող, պոպուլիզմից հեռու, իլյուզիաներով չապրող երկիր։

 

- Պրն վարչապետ, մեր հասարակությունը շատ անձնավորված է, անձերով շատ բան է պայմանավորված։ Սակայն ապրիլին մնացել է մի քանի ամիս, և դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ…

– Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։ Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ