26  12  2017

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

2017 թ. նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Միևնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: 

Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առևտրի և ներմուծման բարձր աճերում, ինչպես նաև բնականոն գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:

ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը և գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի և մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար: Խորհուրդը գնահատում է նաև, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերև շեղման ռիսկերը ավելանում են և հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսևորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ