26  12  2017

Հայաստանի օդային տարածքով չվերթերի քանակը շուրջ 40%-ով ավելացել է. Սերգեյ Ավետիսյան

Հայաստանի օդային տարածքով չվերթերի քանակը շուրջ 40%-ով ավելացել է. Սերգեյ Ավետիսյան

Դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով: Նա նշեց, որ Հայաստանի օդային տարածքի մայրուղիներով անցնող չվերթերի քանակը կտրուկ աճ է արձանագրել՝ շուրջ 40 տոկոս:

«Այս տարվա դեկտեմբերից սկսած ՀՀ-ում գործում է, այսպես կոչված, «օդային մայրուղիներից ազատ օդային տարածքի» հայեցակարգը, որը, ըստ էության, հնարավորություն է տալիս տարանցիկ չվերթեր իրականացնող ավիաընկերություններին ՀՀ օդային տարածք մուտք գործել ցանկացած կետից. այնուհետև ազատականորեն տեղաշարժվելով ՀՀ օդային տարածքում` դուրս գալ ՀՀ օդային տարածքից: Սա խնայողություն է ավիաընկերությունների համար թե՛ վառելիքի, թե՛ ժամանակի առումով»,-ասաց Քաղավիացիայի վարչության պետը:

Ըստ Սերգեյ Ավետիսյանի՝ բեռնափոխադրումների մասով ևս աճ է արձանագրվել: Այս տարի Զվարթնոց օդանավակայանից տեղափոխվել է շուրջ 20 500 տոննա ապրանք, որը նախորդ տարվա համեմատ մոտ 30 տոկոսով ավել է: Ներկայումս Զվարթնոց օդանավակայանում իրականացվում է օրական 30-35 կանոնավոր չվերթ՝ 28 ավիափոխադրողի կողմից:

Քաղավիացիայի վարչության պետի տեղեկացմամբ՝ 2017 թ. ավելացել է նաև թռիչքների աշխարհագրությունը: Նոր ուղղություններ, նոր ավիաուղիներ բացվեցին Աստանայից, Դամասկոսից, Հուրգադայից, Թել Ավիվից, Բեյրութից և Մինսկից:

Ըստ Սերգեյ Ավետիսյանի՝ վաղը ցերեկը թուրքմենական ավիաուղիների կողմից առաջին չվերթն է իրականացվելու Աշխաբադից Երևան: Հատկանշական է այն, որ այս չվերթը Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իրականացվելու է «օդի 5-րդ ազատ օգտագործման իրավունքի» կիրառմամբ:

«Չվերթը լինելու է Աշխաբադ-Երևան, Երևան-Ֆրանբկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշխաբադ ուղղություններով՝ շաբաթական դեռևս մեկ անգամ: Եթե չվերթը պահանջված լինի ուղևորների կողմից, կարծում եմ, չվերթերի ավելացման հնարավորություն կլինի»,-ասաց Քաղավիացիայի վարչության պետը:

Անդրադառնալով Զվարթնոց և Շիրակի «Գյումրի» օդանավակայաններում մատուցվող ծառայությունների որակին՝ նա նշեց, որ փորձում են ուշադրության կենտրոնում պահել որակի հարցը, հաջորդ տարի  Զվարթնոց օդանավակայանում և Շիրակի «Գյումրի» օդանավակայանում կստեղծվի մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվելու է շարժողական խնդիրներ ունեցող ուղևորներով, հատուկ պատրաստվածություն ստացած աշխատակիցները համապատասխան օգնություն են ցուցաբերելու հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցողներ քաղաքացիների նկատմամբ:

«Շիրակի» օդանավակայանում ներդրումներ կատարելու, ենթակառուցվածքային բարեփոխումների համար արդեն իսկ շուրջ 840 մլն դոլարի պայմանագիր է կնքվել կապալառու կազմակերպությունների հետ: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախատեսում են Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ավելացնել ուղևորահոսքը, պլանավորվում է իրականացնել շինարարական աշխատանքներ, մեկնման և ժամանման սրահների մեծացում և ընդլայնում, քանի որ ներկայիս չափերը չեն բավարարելու հաջորդ տարվա համար նախատեսվող ուղևորահոսքի աճին: Սերգեյ Ավետիսյանի գնահատմամբ՝ քաղավիացիայի ոլորտում իրականացված հաջորդ կարևոր ծրագիրը Եվրոպական միության միասնական ավիացիոն գոտու մասին պայմանագրի նախաստորագրումն էր: Այս տարի սկսվել է պաշտոնական բանակցությունների փուլը, և նոյեմբեր ամսին Բրյուսելում նախաստորագրվեց այդ համաձայնագիրը, որն ազդարարեց բանակցությունների ավարտը: «Մենք սպասում ենք եվրոպական կողմի արձագանքին և առաջիկայում, կարծում եմ, համաձայնագիրը կստորագրվի: Համաձայնագիրը մեծ հնարավորություն է տալիս և՛ եվրոպական ավիաընկերություններին, և՛ հայկական ավիափոխադրողներին օգտվել երկկողմանի՝ եվրոպական և հայկական ավիաշուկաներից, որը ևս դրականորեն է ազդելու ուղևորահոսքի աճի, տոմսերի գների, աշխարհագրության ընդլայնման և այլ բաղադրիչների վրա»,-հստակեցրեց Քաղավիացիայի վարչության պետը:

Լրագրողները հետաքրքրվեցին հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու՝ ռուսական կողմի հայտարարության մասին։

«Սա առաջարկություն էր գործընկեր երկրի կողմից, որը կարող է հնչել ցանկացած այլ երկրի կամ ցանկացած այլ ներդրողի շուրթերից։ Մեզ համար սա, ըստ էության, արտաքին աղբյուրների հիման վրա մեր տնտեսության մեջ ներդրում անելու ցանկություն է, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտում, որին, իհարկե, մենք արձագանքում ենք դրական՝ հայտնելով մեր պատրաստակամությունը։ Այս պահի դրության այդ ուղղությամբ որևէ քայլ և զարգացում չի արվել՝ տարբեր պատճառներով։ Նմանատիպ ծրագրերը չեն իրականացվում մեկ կամ տասը օրվա ընթացքում»,- ի պատասխան՝ ասաց Ավետիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ