11  12  2017

Պարզեցվել է մաքսային ձևակերպումների գործընթացը. ՊԵԿ



Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ լրատվականը հայտնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը: «Եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպման թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ, հայտարարատուն միանգամից դիմելով մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում է մաքսային ձևակերպումները»: Արդյունքում գործընթացը դարձել է պարզ, դյուրին և արագ. արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ զգալի կրճատվել է մաքսային ձևակերպումների գործընթացը, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:

Բարեփոխումների արդյունքում նորաստեղծ կառույցում նաև բյուջեի մուտքերի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին նախկին 4 մաքսատների հանրագումարով պետբյուջե  է մուտքագրվել 89 միլիարդ 178 միլիոն դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 121 միլիարդ 860 միլիոն դրամ: Աճը կազմել է 36 տոկոս»,-նշել է Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը:

Մանրամասն՝ ՊԵԿ-ի տրամադրած տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ