07  12  2017

Հայաստանում բացվում է նոր ազատ տնտեսական գոտի

Հայաստանում բացվում է նոր ազատ տնտեսական գոտի

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում ընդունեց որոշում Սյունիքի մարզի Մեղրու համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին:

Կառավարությունը որոշեց ստեղծել ազատ տնտեսական գոտի Սյունիքի Մեղրի համայնքում: Նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:

Գործառնական տեսակը սահմանեց որպես արտադրաարդյունաբերական և   լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում.

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 50 տարի է:

Համաձայն բիզնես ծրագրի՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմներ ԵՄ, ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, այլ երկրների և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

2017 թվականին սկիզբ է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին։ Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, տարածքային զարգացմանն, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանն, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տնտեսական հարաբերությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի Հայաստանում ներդրումների, միջազգային ընկերությունների ներգրավմանը, արտահանման խթանմանը, ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական արտադրանքի ճանաչմանն ու տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնադրվել է «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ-ն: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից:

Կառավարությունն ակնկալում է մարզի տնտեսական աճի տեմպերի արագացում, բնակչության եկամուտների աճ և աղքատության կրճատում, բնակչության զբաղվածության աճ և գործազրկության մակարդակի նվազում, մարզի տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում (դիվերսիֆիկացիա) և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ