06  12  2017

Կառավարությունը ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի. Նաիրա Զոհրաբյան



Խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և դժգոհեց, որ ԱԺ դահլիճում վարչապետն ու փոխվարչապետը նստած չեն:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ կառավարությունը նոր էր ստանձնել իր լիազորությունները, բավական լավ մեսիջներ էր հղում հանրությանը՝ կոռուպցիայի վերացում, տնտեսության ազատականացում, հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար: Այսօր, սակայն, ըստ նրա, ունենք զրո արդյունք:

Զոհրաբյանը նշեց, որ այն ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե Սինգապուրի մոդելով է գնալու, մինչդեռ ոչ միայն կոռուպցիան չի հաղթահարում, այլ, «ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի, ոչինչ չունի»:

Պատգամավորն անդրադարձավ պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար է, և այդ պարտքը պրոգրեսիվ թռիչքով աճում է:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի բյուջեի նախագծին:

Նշենք, որ դաշինքը ներկայացրել է 22 առաջարկ, որոնցից 15-ը մերժվել է ամբողջությամբ:

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ