05  12  2017

Կարագի և ձվի շուկաներում գնաճն արդարացված է. Արտակ Շաբոյան

Կարագի և ձվի շուկաներում գնաճն արդարացված է. Արտակ  Շաբոյան

Վերջին 5 տարիներին մեր երկիրը մրցակցային դաշտի բարելավման առումով էական առաջընթաց է գրանցել. եթե հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ 2010 թվականին մեր երկիրը զբաղեցնում էր 138-րդ հորիզոնականը, այսօր 40-րդ տեղում ենք: Այս մասին դեկտեմբերի 5-ին Մրցակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, շեշտեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաև, որ մրցացության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով 2010 թվականի համեմատությամբ բարելաավել ենք մեր դիրքերը 105 կետով եւ այսօր գտնվում ենք 28-րդ հորիզոնականում. «Մեկ այլ ցուցանիշի մասով՝ տեղական մրցակցության ցուցիչով առաջ ենք անցել նույնիսկ ԱՊՀ երկրներից, հարևաններից, արևելյան որոշ երկրներից: Այսօր 139-րդից զբաղեցնում ենք 66-րդ հորիզոնականը»:

Շաբոյանի խոսքով, բազում խնդիրներ են գրանցվել պետական գնումների համակարգում, երբ պետական մարմինների կողմից մրցույթների անցկացման կարգի խախտումներ են նկատվել։ «Պետական մարմինների կողմից երբեմն պետական գնումների գործընթացներ են խախտվում, և դրանք նաև իրենց ազդեցությունն են թողնում մրցակցային միջավայրի վրա, մուտքի խոչընդոտներ են ստեղծվում տնտեսվարոողների համար: Հաճախ են լինում դեպքեր, երբ պետական մարմիններին մրցութային հրավերներ ուղարկելու ժամանակ մրցույթային հայտարարություններում կոնկրետ ապրանքների, տնտեսվարողների անուններ են նշում, նախապես ուղղորդում են և, բնականաբար, հաղթող է ճանաչվում տվյալ ընկերությունը: Լինում են նաև դեպքեր, երբ տեխնիկական բնութագրեը այնպիսի մանրամասն, կոնկրետությամբ են նկարագրում, որ այդպիսով ևս ուղորդում են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ը շատ երկրներում նշվում է որպես Մրցակցության միջազգային օր, իսկ Հայաստանում այն նշվում է առաջին անգամ։

Արտակ Շաբոյանը անդրադարձավ նաև մի շարք ապրանքների թանկացմանը: Նա ասաց, որ կարագի և ձվի շուկաներում գնաճն արդարացված է, և իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության երևույթներ առկա չեն: Մասնավորապես՝ կարագի շուկայի վերաբերյալ նա նշեց, որ սեպտեմբեր ամսից սկսած պարբերաբար կարագի գինը բարձրանում է, և այն շուրջ 80 տոկոսով թանկացել է, ինչն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով:

Ձվի շուկայի առումով, Արտակ Շաբոյանը նշեց, որ վերջին շրջանում գները բարձրացել են 5-6 դրամով, իսկ խնդիրը պայմանավորված է սեզոնային պահանջարկի ավելացմամբ:

Բենզինի գները, նրա փոխանցմամբ, կապված են ձեռքբերման գների ավելացմամբ, «ընդ որում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բենզինը թանկացավ 20 դրամով, վերջերս նաև 10 դրամով»։ Շաբոյանի խոսքով՝ երբ համեմատում ենք մեր շուկայում առկա գները Վրաստանի շուկայում բենզինի գների հետ, պարզ է դառնում, որ Վրաստանի բենզինի վաճառքի գները գրեթե հավասար են Հայաստանում բենզինի վաճառքի գներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ