09  11  2017

Հայաստանը նոր, մեծ վարկ է վերցնում



Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:

Վարկի գումարը տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ Համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25%՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ (տրանշ 1-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 4 ամիս հետո, տրանշ 2-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 16 ամիս հետո), միանվագ կոմիսիոն վճարը կազմում է վարկի գումարի 1%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, ծրագրի ներքո տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհները ընդհանուր կազմում են 8,339,139.38 եվրո:

Վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է 2017 և 2018թթ. համար բյուջետային աջակցության վարկ՝ հիմնված բազմաոլորտ քաղաքականության աղյուսակի վրա, ինչը միտված է Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը:

Բյուջետային աջակցության վարկերն ուղղակիորեն ստացվում են իրականացվող քաղաքականության ներքո և ուղղվում են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը` իրականացվող քաղաքականության միջոցառումների ապահովման տեսանկյունից:  

Մասնավորապես, յուրաքանչյուր բյուջետային աջակցության վարկի տրամադրման համար սահմանվում են նախապայմաններ և միջոցառումներ, որոնց իրականացումը կառավարությունը համարում է գերակա և որոնք արդեն իսկ հաստատված են կառավարության կողմից ընդունված ռազմավարություններով և/կամ տարեկան գործողությունների ծրագրերով:

Նման բյուջետային աջակցության վարկավորման սխեման, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները, ինչը կարևոր է պետական բյուջեի շրջանակներում ստանձնված պարտավորությունների իրականացման և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ