13  10  2017

Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար

Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար

Հոկտեմբերի 11-12-ին 11 ֆինանսական վերլուծաբաններից ու ինստիտուցիոնալ ներդրողներից բաղկացած խումբ է այցելել Հայաստան և Լիդիանի Ամուլսարի Ծրագրի տեղամաս։ Խմբի կազմում են եղել Լիդիանի ներկայիս և հավանական ներդրողներ, ինչպես նաև բորսայի մասին գրող ֆինանսական վերլուծաբաններ։ Հոկտեմբերի 11-ին այցելուներին և Լիդիանի ղեկավարությանն ընդունել են ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ու Կառավարության անդամները։

Վարչապետը ներդրողներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական հեռանկարները ու պատասխանել նրանց հարցերին։ Վարչապետ Կարապետյանը վերահաստատել է տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրողների բոլոր նախաձեռնություններին սատարելու և որպես գործընկեր հանդես գալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ Վարչապետը կարևորել է Ընկերության կողմից ստանձնած բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը վերահաստատել է Լիդիանի պարտավորությունը շարունակաբար ներկայացնել Ամուլսարի Ծրագիրը որպես հաջողված օրինակ առ այն, որ  Հայաստանը կարող է ներգրավել և հաջողությամբ իրականացնել խոշոր միջազգային ներդրումային ծրագրեր։ Նա ընդգծել է բոլոր ստանձնած սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման պատրաստակամությունը՝ նշելով, որ Լիդիանը պարտավորվում է ապահովել Ծրագրի շահավետությունը բոլոր կողմերի, այդ թվում՝ համայնքների, Հայաստանի և ներդրողների համար։

 Հոկտեմբերի 12-ին Ամուլսարի շինհրապարակ այցի ընթացքում այցելուները  կանգ են առել Կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի և փոխակրիչի միջանցքի տարածքներում, որտեղ նրանք ականատես են եղել ակտիվ շինարարական աշխատանքներին, փոխակրիչի արդեն տեղադրված հատվածին: Բեռնատարների տեխսպասարկման կետում այցելուները ծանոթացել են Կատերպիլար ընկերության նոր ներմուծված խոշոր հանքային սարքավորումների մոնտաժման աշխատանքներին,  եղան նորակառույց շինարարական ավանում,  որտեղ արդեն բնակվում է 600 մարդ։  Ամուլսարում շինարարության մեջ զբաղված ավելի քան 1200 աշխատողի  30%-ից ավելին շրջակա համայնքներից են։

 Այցն ավարտվել է Գնդեվազ համայնքում գործող տեղական բիզնես ծրագրերին ծանոթությամբ, որտեղ այցելուներին ներկայացվել է Լիդիանի կողմից իրականացվող տեղական գնումների ծրագիրն ու տեղական բիզնեսների զարգացման նախագիծը, որոնք Ամուլսարի շրջակա համայնքներում տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու Ընկերության ծրագրի մաս են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ