12  10  2017

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել. Սերժ Սարգսյան

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել Սոչիում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

«Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով: Մշտապես լրացվում է իրավապայմանագրային բազան, արդեն իսկ սահմանված են Միության առաջնահերթությունները, իրականացվում է տնտեսության կարևորագույն ոլորտներում քաղաքականության համատեղ կոորդինացիա, հետևողականորեն ընդլայնվում է ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ընդգրկումը:

Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը:

Դրա համար, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ է առաջին հերթին շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլև վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Պայմանագրային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանք տանելով՝ անհրաժեշտ է շեշտը դնել այն նորմատիվ ակտերի վրա, որոնց ընդունումից հետո մեր երկրների տնտեսվարող սուբյեկտները գործնականում կզգան դրանց ընդունման հիմնավորվածությունը:

Երկրորդ հերթին ակնկալում ենք, որ թվային օրակարգը պետք է նպաստի համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը: Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության և էլեկտրոնային առևտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարևոր է նաև, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական և նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից:

ԵԱՏՄ ամրապնդման ևս մեկ քայլը, և դա արդեն երրորդն է, միջազգային մակարդակում համագործակցությունն է: Ելնում ենք նրանից, որ ինչպես Միության, այնպես էլ առանձին պետությունների մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը, բնականաբար, մեր ստանձնած պարտավորությունների պահպանմամբ, կարող է իր կարևոր ներդրումն ունենալ փոխլրացնող և փոխշահավետ, առանց բաժանարար գծերի տարածքի ձևավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների:

Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց:

Վերջում կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, և առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման: Հուսով ենք, որ հետագայում ևս մեր երկրներում բոլոր հարցերը լուծվելու են կառուցողական հունով՝ ի շահ մեր ժողովուրդների և ի բարգավաճում մեր երկրների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ