27  06  2017

Վարդան Հարությունյանը՝ ՊԵԿ-ում կրճատումների, ձերբակալությունների և այլնի մասին

Վարդան Հարությունյանը՝ ՊԵԿ-ում կրճատումների, ձերբակալությունների և այլնի մասին

Նախորդ տարի մակրոտնտեսական միջավայրը բարենպաստ չի եղել, բայց հաջողվել է տարին ավարտել 11.8 միլիարդ դրամ հարկային եկամուտների աճով:

2016թ.-ի պետական բյուջեի հաստատված հարկային եկամուտը 1 տրիլիոն 129 միլիարդ դրամի փոխարեն պետք է կազմեր 1 տրիլիոն 26.3 դրամ, բայց կազմել է 1 տրիլիոն 77 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ պետական բյուջե ավել է վճարվել 53.4 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Բյուջեի կատարողականը խորհրդարանում ներկայացնելիս այս մասին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

 «Մենք վերցրել ենք բարձր նշաձող: Այս տարվա 5 ամիսների կատարողականը որ նայեք, կհամոզվեք, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի բարձրանալու միտում է գրանցում»,- հայտարարեց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ 2016թ.-ին այն կազմել է 21.3 տոկոս, որը 0.1 տոկոսով գերազանցում է 2015թ.-ի ցուցանիշները:

ՊԵԿ նախագահն ասաց, որ 2016-ին Հայաստանը ԵԱՏՄ է փոխանցել 33.9 միլիարդ դրամ մաքսատուրք ու ստացել 19 միլիարդ դրամ ավել մաքսատուրք: ԵԱՏՄ-ից 2015թ.-ի համեմատ 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ պետական բյուջե:

ՊԵԿ-ում 483 հաստիք է կրճատվել, ինչը, ըստ Վարդան Հարությունյանի, պայմանավորված է զուտ կառուցվածքային փոփոխություններով: «Պատճառն այն է, որ ՊԵԿ-ի IT համակարգը վերազինվել է, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի պակասում է»,- ասաց Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ աշխատակիցներին կրճատելիս կրճատվե՞լ են կաշառակերներին, թե նրանց ովքեր թև թիկունք և բարեկամ չունեն: Պատասխանեց. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ կարող է լինեն նաև սուբյեկտիվ դրսևորումներ, որովհետև մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքներն իրականցնելը, ավարտին հասցնելը դժվար է եղել: Կարող է և թերություններ ու վրիպումներ էլ լինեն: ՊԵԿ-ում ամեն ամիս փոփոխություններ են լինում և այն աշխատակիցները, ովքեր, որ բարեխիղճ աշխատել են և դուրս են մնացել համակարգից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա»:

Անդրադառնալով ՊԵԿ մի շարք աշխատակիցների ձերբակալմանը՝ պաշտոնյան ասաց. «Նորմալ երևույթ է, եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները և լիազորություններից դուրս ինչ-որ գործառույթ է իրականացնում, բնական է, որ պետք է ՀՀ գործող օրենքների շրջանակներում պատասխան տա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ