16  06  2017

Ալեքսեյ Միլլերը՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նստավայրերում

Ալեքսեյ Միլլերը՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի նստավայրերում

«Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել է Հայաստան: Նրան ընդունել են նախ վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա՝ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է երկու երկրների համար` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ 25 տարիները դարձել են բոլոր ուղղություններով երկու պետությունների դաշնակցային փոխգործակցության ամրապնդման տարիներ: Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում Նախագահը մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական վարչությունը:

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է նաև մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկի՝ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում ուսումնամարզական համալիրի կառուցման ընթացքի մասին: Բացառապես սոցիալական ուղղվածությամբ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ ներառող այդ համալիրի շինարարությունը, Ալեքսեյ Միլլերի հավաստմամբ, մինչև հաջորդ տարեվերջ կհասցվի ավարտին:

Կարևորելով «Գազպրոմ» ընկերության ներկայացվածության մակարդակը Հայաստանի տնտեսությունում, ինչպես նաև վերջինիս ներգրավվածությունը իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել ընկերությանը բոլոր ծրագրերի իրականացման գործում:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ընդունելով Միլլերին, բարձր է գնահատել «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում գազաէներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն վստահելի գործընկեր է, և ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը, անխափան գազամատակարարումը, ներդրումային և սոցիալական խոշոր նախագծերը շարունակաբար իրականացվում են «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ: 

Կառավարության լրատվական վարչությունը տեղեկացնում է, որ Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Ընդգծելով, որ «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է՝ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2017 թ. Հայաստան գազի մատակարարման ծավալներն արձանագրել են համեմատական աճ: «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը հավաստիացրել է, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանը ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նշանակության նախագծեր:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընթացքին, ներդրումային ծրագրերին, ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի շահագործման աշխատանքներին, բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքին, համատեղ մյուս ծրագրերին և երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և նոր ծրագրերով սերտացնելու վերաբերյալ:

***

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, որն ապահովում է ՀՀ ներքին շուկայում բնական գազի մատակարարումը: Ընկերությունը նաև իրականացնում է բնական գազի ներկրում, բաշխում և իրացում, գազափոխադրման համակարգի և ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցումն ու ընդլայնումը հանրապետության տարածքում: Համաձայն Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր հատակագծի, 2018-2019 թթ. նախատեսվում են Աբովյանի ԳՍՊԿ- ի նոր ճնշակայանի կառուցման, մայրուղային նոր գազատարների կառուցման, գործող մայրուղային գազատարների և գազաբաշխիչ համակարգերի վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ:

Այնուհետև Կարեն Կարապետյանն ու «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով:

Համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Արդեն իսկ կատարվել են փակ սահադաշտի, մարզաառողջարարական համալիրի, դպրոցի և մանկապարտեզի շինմոնտաժային աշխատանքները: Նախագծի շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:

Այս նախագիծն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն:

Ալեքսեյ Միլլերը նշել է՝ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարևորում է նման բարձրակարգ ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա հասարակությանը զբաղվել տարբեր մարզաձևերով: Նա ընդգծել է, որ ապագայում ընկերությունը մեր երկրում նախատեսում է իրականացնել սոցիալական նոր ծրագրեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ