15  07  2016

Ֆրանսիան՝ մեծ ողբերգության մեջ (լրացվում է)

Ֆրանսիան՝ մեծ ողբերգության մեջ (լրացվում է)

Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ բեռնատար ավտոմեքենա է մխրճվել, ապա ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  հայտնել է ամենաքիչը 80 զոհի մասին: «Նիսայում բեռնատարի վարորդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր նշում էին հուլիսի 14-ը: Նրա նպատակը սպանելն էր, ճզմելն ու ոչնչացնելը: Զոհերի թվում շատ են երեխաները: Մոտ 20 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Սա անկասկած ահաբեկչական գրոհ էր»,– ասել է նա: Նախագահը հաստատել է վարորդի ոչնչացման փաստը, սակայն չի մատնանշել արդյոք նա մենակ է եղել, թե ոչ: 

 

  

Լրատվամիջոցները հայտնում են, որ բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր, մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: 

 

 

 

Նիսում հարձակման պատասխանատվությունը, ըստ լրատվամիջոցների, ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ահաբեկչությունը կատարել է 31-ամյա թունիսցի, ով ֆրանսիայի քաղաքացի է: Նա նախկինում հայտնի է եղել ոստիկաններին, սակայն հետախուզական ծառայությունները նրա մասին չեն իմացել: Ներգրավված է եղել գողությունների և խուլիգանության հետ կապված քրեական գործերում:

 

 

Ահաբեկչությունից հետո Մերձծովյան Ալպեր շրջանում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի: «Մենք որոշել ենք բարձրացնել Vigipirate հակաահաբեկչական պլանի մակարդակը մինչև «սպառնալիքը՝ ահաբեկչություն» մակարդակի: Մենք գտնվում ենք ահաբեկիչների հետ պատերազմական վիճակում, նրանք ցանկանում են ցանկացած գնով մեզ վնաս հասցնել»,– հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը: 

 

 

 

Նիսում հարձակման ժամանակ մոտավոապես 100 մարդ վազել է դեպի ծով: Մարդիկ ծովն են նետվել Անգլիական լողափից, երբ բեռնատարը մխրճվել է մարդկան ամբոխի մեջ ու խուճապ է սկսվել: Նրանց փրկել են:

 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ահաբեկչությունը՝ տարածելով հայտարարություն: Խորհրդի անդամները խոր ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի կառավարությանը:

 

 

ԱԽ-ում կրկին ընդգծել են, որ ահաբեկչության բոլոր գործողությունները հանցագործություններ են, որոնք արդարացում չունեն՝ անկախ իրենց դրդապատճառներից, որտեղ էլ որ լինեն և ում կողմից էլ իրականացվեն, և հայտարարել են ահաբեկչական այդ գործողությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

 

Ֆրանսիայի նախագահ Օլանդը որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարացնելու մասին: Արտակարգ դրության ռեժիմը մտցվել է 2015թ. նոյեմբերից՝ Փարիզում ահաբեկչությունից հետո: 

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի 6 տարբեր կետերում միաժամանակ տեղի ունեցան ահաբեկչական հարձակումներ: Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց ավելի քան 160 մարդ, առնվազն 200 մարդ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ահաբեկչական գործողությունը: «Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին»,– ասված է ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում: 

ԱԳՆ-ն նաև ճշտում է զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան:

 

«Բեռնատարը վարձակալվել է Պրովանս Ալպ Լազուրե ափ դեպարտամենտում: Բեռնատարը կարողացել է մոտենալ Անգլիական ափին, որը հսկում են ոստիկանները և ափով վարել մոտ 2 կմ, որտեղ մեքենաների երթևեկությունն արգելված է: Այդ ընթացքում ոստիկանությունը չի կանգնեցրել բեռնատարը և այն առանց խոչընդոտի հասել է այնտեղ, որտեղ հարյուրավոր մարդիկ հետևում էին տոնական հրավախությանը: Մխրճվելով բազմության մեջ, բեռնատարն անընդհատ փոխել է ուղղությունը: Ակնհայտ է, որ նա փորձել է հնարավորինս մեծ վանս հասցնել»,– գրում է Le Figaro թերթի կայքը:

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ երկու քաղաքացի։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ: Զոհերի անունները դեռ չի նշվում:

Ֆրանսիայի իշխանությունները Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եռօրյա սուգ են հայտարարել երկրում։

 

 

 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը: Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանը, զոհվածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգության կապակցությամբ և վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,– ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

 Նիսայում ահաբեկչի մեքենայի ընթացքի սխեման

 

 Տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները կրակում ահաբեկչի վրա

 

Նիսի ահաբեկչությունը՝ 3D մոդելավորմամբ

 

 

ԱԳՆ-ն հերքեց մեր երկրորդ հայրենակցի զոհվելու հայտարարությունը:ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ ժամը 12.45-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածը 1982 թ. ծնված Մ. Գ.-ն է:

 

Նիսում ահաբեկչություն իրականացրած անձը Ֆրանսիայի քաղաքացի, 31-ամյա թունիսցի Մուհամեդ Լահուայեջ Բուհլելն է:Նրա բեռնատարում հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ: Նա մեքենան մոտ ինը ժամ կայանել է «Անգլիկան լողափ» փողոցում, որտեղ էլ արվել է ահաբեկչությունը: Ոստիկանության հարցերին ահաբեկիչը պատասխանել է, թե պաղպաղակ է առաքում:Ըստ հաղորդվող տեղեկությունների, նա բեռնատարում ունեցել է ինքնաձիգներ, ատրճանակներ և նռնակ, որոնք, սակայն, չեն հայտնաբերվել:Ոստիկանությունը բերման է ենթարկել Բուհլելի մի քանի բարեկամների և մտերիմ ընկերների՝ հարցաքննության համար: Քաղաքում շարունակվում են հատուկ գործողությունները:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձով է դիմել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և ֆրանսիացի ժողովրդին՝ ցավակցություն հայտնելով ահաբեկչության կապակցությամբ: «Թանկագին Ֆրանսուա, Ռուսաստանը գիտե, թե ինչ բան է ահաբեկչությունը և այն սպառնալիքները, որ դա ստեղծում է մեզ բոլորիս համար: Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ բախվել է նման ողբերգությունների եւ խորապես վշտացած է տեղի ունեցածից, ցավակցում է ֆրանսիացի ժողովրդին եւ համերաշխ է նրա հետ»,– ասել է:

 

 

Նիսի օդանավակայանում ուղևորների տարհանում է իրականացվում, հայտնում է Associated Press գործակալությունը: Գործակալության թղթակցի տվյալներով՝ տերմինալներից մեկը շրջափակել են զինվորականները: Տարհանման պատճառը կասկածելի պայուսակն է եղել:

 

Նիսայի ահաբեկչի և նրա տան լուսանկարները

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ