18  05  2016

Մայիսի 18-ը Լաչինի ազատագրման օրն է



1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Բերձորը: 1992 թվականի մայիսի 17-18-ին տեղի ունեցավ «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողությունը։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց  և Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՈՒ) և կամավորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ առան Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրեց խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման անցան Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվեց հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման՝ իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվեցին հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ սկսեց միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումը, ազատագրեցին Խրմանլար գյուղը, ապա վնասազերծեցին Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ, փաստորեն, ապահովվեց Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը։

Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով` «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով: Ինքնաթիռների թռիչքները հնարավոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդյունքում, քանի որ Ղարաբաղի միակ գործող օդանավակայանը գտնվում էր այդ ավանի տարածքում և վերահսկվում էր Ադրբեջանի կողմից:

Նյութի աղբյուրը՝  Վիքիպեդիա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ