25 05 2020

Կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ Ձեր կինը քիթը չխոթի․ Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ակցիայի ժամանակ ասաց, որ նույնիսկ իր համար էլ անսպասելի էր, որ չի անցնի մեկ ամիս և այս հիմնարկից այսքան  դժգոհություններ  կլինեն ու նոր տնօրենից։

«Ես մասնակցել եմ տնօրենի մրցույթին, որի ժամանակ երկու թեկնածու ընտրվեցին, ընտրությունն արդեն լինելու էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի  անձնական որոշումը։
Բոլորս գիտենք, ինչեր տեղի ունեցան վերջին 1-2 ամսում կապված «Թափառող կենդանիների  վնասազերծման» ՀՈԱԿ-ի, հետագայում Կանապատչաման հիմնարկի  տնօրեն Բեգոյանի և քաղաքապետի կամ նրա կնոջ միջև։ Վերջին նիստի ժամանակ քաղաքապետը շատ գռեհիկ, ցածրորակ արտահայտություն իրենց թույլ տվեց, երբ ԲՀԿ-ից տիկին Առաքելյանը հարցրել էր, թե ի՞նչ խնդիր կա, ասաց՝  դե աղջիկներն իրար մեջ ինչ-որ բան չեն  կիսել։ Աղջիկներ ասելով՝ նկատի ուներ իր կնոջը ու Կանաչապատման  ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն պարոն Բեգոյանին»,- նշեց ավագանու անդամը։

Թեհմինա Վարդանյանի խոսքով, այստեղ խորը միտում է տեսնում այն աշխատակիցների հետ կապված, ովքեր պաշտպանել են նախկին տնօրենին,  բայց այն, ինչ այս պահին է կատարվում, անթույլատրելի է։

«Ինչ վերաբերվում է  քաղաքապետի և կնոջ կապվածություններին բոլոր նորաստեղծ հիմնարկների հետ, ևս ակնհայտ է, թող որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել որպես աշխատանք, նաև քաղաքապետը, որն ասում է՝ իմ կինն ինձ օգնում է։ Ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ, ներողություն արտահայտությանս համար, քիթը չխոթի, որովհետև մասնագետ չէ, պաշտոնյա չէ։ Արդեն երկու տարի լրանում է, մենք ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին։ Սա խնդիր է, աննորմալ եմ համարում, կարծում եմ, քաղաքապետը պետք է վերջիվերջո իր կնոջը  որոշակի չափերի մեջ պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը մասնագիտական է, որևէ մեկն իրավասու չէ քաղաքապետից բացի հրանգներ  տալ նրանց աշխատանքների հետ կապված»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ