08 04 2020

Իշխանությունը թաքցրել է վարակվածների և մահացածների իրական թիվը․ փաստահավաք խումբ

Իշխանությունը թաքցրել է վարակվածների և մահացածների իրական թիվը․ փաստահավաք խումբ

Այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից։ Այս մաիսն հայտարարություն է տարածել «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը։

««COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մինչ այս պահը զերծ է մնացել ձեռք բերված փաստերը հրապարակելուց՝ խստագույնս պահպանելով ի սկզբանե որդեգրած սկզբունքը՝ այն է մինչև արտակարգ դրության ավարտն, անհրաժեշտության դեպքում, իր տիրապետած տեղեկություններն ու փաստերը տրամադրել բացառապես պարետատանը:

Հաշվի առնելով այն, որ առ այսօր այդպես էլ չի կարգավորվել պարետատան հետ արդյունավետ կապ հաստատելու հարցն, ինչպես նաև՝ չնայած հնչեցրած հայտարարություններին, կառուցողական համագործակցության առաջարկներին իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չեն արվել, հակառակը՝ փորձ է արվել հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված փաստացի վիճակը, գտնում ենք, որ այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից:

Գտնում ենք, որ իշխանության կողմից նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հիմքում ընկած են ոչ թե հանրային առողջությունը պահպանելու, ռիսկերը չեզոքացնելու, սոցիալական բեռը թեթևացնելու, տնտեսությունը կայունացնելու, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտ ձևավորելու առաջնահերթություններն, այլ իրական պատկերը, առանձին փաստերը խեղաթյուրելու, թաքցնելու միջոցով սեփական վարկանիշը պահպանելու, պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու գործելաոճ, ինչը կործանարար հետևանք է ունենալու թե՛ հանրային առողջության, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա:

Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ նման գործելաոճի պատճառ կարող է լինել իշխանության անփորձությունն, անփութությունը և նման բարդագույն իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պակասը:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը վերոնշյալ և մի շարք այլ եզրահանագումների հանգել է բազմաթիվ ուսումնասիրությունների, փաստերի և իշխանության կողմից ընդունած որոշումների համադրման արդյունքում:

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված իշխանության աշխատանքների մասին մանրամասն կներկայացվի արտակարգ դրության ավարտից և նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի հանգուցալուծումից հետո՝ զեկույցի տեսքով: Մինչ այդ ընթացիկ կհրապարակենք որոշ փաստեր:

Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ առ այն, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը:

Առաջին փաստը վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն. մարտի 24-ին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տեղեկություն ստացավ այն մասին, որ նոր կորոնավիրուսի ախտանիշներով «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց է տեղափոխվել երկու ամսական երեխա՝ մոր հետ: Մարտի 26-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց նոր կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխայի դեպքի վերաբերյալ , ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ նման բան չկա. «Երկու ամսական վարակված երեխա չկա»:

Արսեն Թորոսյանի ասուլիսից հետո MedMedia կայքում հրապարակվեց նյութ այն մասին, որ լրագրողը զրուցել է նոր կորոնավիրուսով վարակված երեխայի ծնողների հետ, ովքեր հաստատել են փաստը՝ նշելով, որ երեխայի մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է դեռևս մարտի 25-ին, և, իրենց կարծիքով, նախարարը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, որպեսզի խուճապ չառաջանա: Նույն օրը դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունեն, իրենց ոչինչ չեն ասել, եթե լինի՝ կհրապարակեն:

Երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին մամուլի հրապարակումներից հետո միայն՝ մարտի 27-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կա նման դեպք. «Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»:

Արձանագրում ենք, որ մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:

Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ՝ մահվան պատճառը նշվեց ինֆարկտ: Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին էլ թեստավորման պատասխաններով նրանց մոտ հաստատվեց կորոնավիրուս: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:

Արձանագրում ենք, որ իշխանությունը, կորոնավիրուսային մահերի թվում չներառելով Մ.Գ.-ի դեպքը, թաքցնել է մահվան դեպքերի իրական քանակն՝ այս կերպ նվազեցնելով կորոնավիրուսային մահվան դեպքերի իրական թիվը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ահազանգում է, որ ՀՀ իշխանության՝ կորոնավիրուսի վարակակիրների և կորոնավիրուսային մահերի քանակը թաքցնել փորձելու և թաքցնելու գործելաոճը կարող է հանգեցնել պետության և հասարակության համար վտանգավոր հետևանքների:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ