03  11  2015

Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր (թարմացվում է)

Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր (թարմացվում է)

Նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.00-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ժամը 10:00-ի դրությամբ կա 7 զոհ և 43 տուժած, որոնցից 33-ը հոսպիտալացվել են տարածաշրջանի բժշկական կենտրոններ, 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում' տեղի կինոթատրոնում:

Ռուսական РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Ավտոբոսի վարորդը չի տուժել, սակայն շոկի մեջ է և չի կարողանում պատասխանել հարցերին։ Դեպքի վայրում աշխատող օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած՝ կամ ուղևորատար ավտոբուսի վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

 

Բացվել են թեժ գծեր՝

- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում' 007 487 221 1609

- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում' 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:

 

Վիրավորները հետևյալ անձինք են.

Ուզլովայա ԲԿ՝

  1. Միշպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980թ.)
  2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960թ.)
  3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960թ.)
  4. Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)
  5. Նահապետյան Հակոբ Ստեփանի
  6. Ունոսյան Լևոն Մաքսիմի
  7. Երանոսյան Անուշավան Ռազմոստի
  8. Մկրտչյան Սարգիս Շալիմի
  9. Օհանյան Ժորա Օմիրի
  10. Օրոնիսյան Արթուր Արգամի
  11. Հակոբյան Տիգրան Գարիմի
  12. Գրիգորյան Սաքո Փաշիկի
  13. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985թ. ծանր)
  14. Ինքնությունը ճշտվում է
  15. Ինքնությունը ճշտվում է

 

Կիրեևսկի ԲԿ՝

  1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի 1981թ.
  2. Անտոնյան Ռադիկ Աշոտի 1972թ.
  3. Պաֆարյան Կարեն Արմենի 1985թ.
  4. Երեմիշյան Մարինե Կարենի 1961թ.
  5. Ասրյան Ապրես Ռուբենի 1966թ.
  6. Աղաջանյան Սարգիս 1950թ.
  7. Սարգսյան Գայանե Վելիկի
  8. Մինասյան Հունան Թովմասի 1989թ.
  9. Խուրչուրյան Արման 1976թ.
  10. Երեմյան Արմեն 1987թ.
  11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի 1975թ.
  12. Դանիելյան Վովա Սամվելի 1976թ.

 

Նովոմոսկովսկի ԲԿ՝

  1. Հարությունյան Գայանե Գրուստանի 1975թ.
  2. Գալստյան Արարատ Արմենի 1992 թ.
  3. Թադևոսյան Սելան Սերոժի
  4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի
  5. Չապորյան Քնարիկ
  6. Ռումակյան Ժորա Արայի 1978թ.

 

Զոհերի ինքնությունը դեռ պարզվում է:

 

13:51

Տուլայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասավ 8-ի

Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի' ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում. հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը: Ռուսական Interfax.ru-ի փոխանցմամբ' նա հոսպիտալացվել էր շատ ծանր վիճակում՝ ստացել էր գանգուղեղային վնասվածք, կողոսկրի կոտրվածք, սուբդուրալ հեմատոմա: Եվս 42 մարդ վնասվածքներ է ստացել: Ավտոբուսի ողբերգական վթարի վայրում փրկարարական աշխատանքները Երևանի ժամանակով 12:00-ի դրությամբ ավարտվել են:

ՏԿԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք): ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերական կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև՝ աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները:

ՌԴ Ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունից հայտնել են, որ ավտոբուսում եղել է 59 ուղևոր, նրանցից 50-ը՝ տղամարդ, 9-ը՝ կին, ինչպես նաև երկու վարորդ: Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եղել, ավտոբուսը պատկանել է հայկական «Կինգ Դելյուքս» ընկերությանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՏԿԱԻՆ-ի տվալների՝ ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ժամը 09:30-ի դրությամբ' ավտովթարի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ՝ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Ավտոբուսի վթարի կապակցությամբ, ինչպես interfax.ru-ի փոխանցմամբ հայտնել է ՆԳՆ Տուլայի մարզային վարչության մամուլի խոսնակ Անդրեյ Յարցևը, ՌԴ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: Քրգործը հարուցվել է «Ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշաբար 2 կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով: Հիշեցնենք, որ ՌԴ ՆԳՆ աշխատակիցները կատարվածի երկու վարկած են դիտարկում' ավտոբուսի անսարքությունը կամ այն, որ վարորդը' 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, կարող էր քնել ղեկին:

ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է Տուլայի տարածաշրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների անունները։

Դեպքի առնչությամբ բացվել են թեժ գծեր'Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում' 007 487 221 1609 հեռախոսահամարով և ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում' 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:

 

15:28

Տուլայի հեռուստաընկերությունը տեսանյութեր է հրապարակել, որում վթարված ավտոբուսի ուղևորները պատմում են վթարի մասին:

 

 

16.31 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է վթարի արդյունքում զոհված 8 քաղաքացիներից 7-ի անունները:

  1. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947 թ.),
  2. Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.),
  3. Հրաչ Բադալյան,
  4. Գագիկ Ստեփանյան,
  5. Վաղուշ Ստեփանյան,
  6. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
  7. Հակոբ Ալիխանյան:

8-րդ զոհի ինքնությունը պարզվում է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անմիջական կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։ «ՌԴ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո։ Հիվանդանոցներում վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուսների, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը»,- նշված է տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության մեջ։

 

17:19

Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը'

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով' հետևյալ կազմով.

Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ս. Ազարյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետ

Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող

 

18:13

Տուլայում վթարի փաստով հարուցվել է քրեական գործ

Ներկայումս Տուլայում վթարված ավտոբուսը, որի հայ ուղևորներից 9-ը զոհվել են, տեխնիկական փորձաքննություն է անցնում: Այդ մասին հայտնում է ОРТ-ն' վկայակոչելով Տուլայի մարզի պետավտոտեսչության վերահսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինին: Նշվում է նաև, որ ստուգվում է ընկերության լիցենզիան:

Սեմիոխինը նշել է, որ վարորդը փոխարինող է ունեցել և պետք է հանգստանալու ժամանակ ունենար: Հիշեցնենք, որ վարկածներից մեկի համաձայն' վարորդը քնել է ղեկին: Եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է վարորդական իրավունքներից զրկում և 7 տարվա ազատազրկում։ Իսկ եթե վթարի պատճառը ավտոբուսի անսարքությունն է, օրենքի առաջ պատասխան է տալու տրանսպորտային ընկերությունը:

Դեպքի վայր են դուրս եկել օպերատիվ քննչական խումբը և Ուզլովայայի միջշրջանային դատախազը։ Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով: Գործի հետաքննությունը իր հսկողության տակ է վերցրել Տուլայի մարզի դատախազ Ալեքսանդր Կոզլովը։

Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վարորդ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի հատվածի ձախ գիծ, դուրս եկել ճամփեզր եւ բախվել ձախ մետաղական արգելապատնեշին։ Այս մասին տեղեկացնում է Տուլայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։ Դրանից հետո վարորդը դուրս է եկել երթևեկելի հատված, որտեղ հատել է երթևեկության 2 գծերը, մտել աջ ճամփեզր և բախվել մետաղական արգելապատնեշին ու շրջվել աջ կողքի վրա։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ