05 04 2020

Ե՞րբ և ինչպե՞ս կարող ենք վերադառնալ բնականոն կյանքին․ Ավինյանը պարզաբանում է

Ե՞րբ և ինչպե՞ս կարող ենք վերադառնալ բնականոն կյանքին․ Ավինյանը պարզաբանում է

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Առողջապահության նախարարը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում:

Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը:

Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ:

Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Այսպիսով, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ եմ անում գալիք շաբաթ լինել առավել կարգապահ և, այդպիսով, ձեր դերը ունենալ վարակի տարածումը կանխարգելելու կարևոր գործում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ