03 04 2020

Իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին անտեսվել են մոտ մեկ տասնյակ լրատվականների հարցերը. «Մեդիա պաշտպան»

Իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին անտեսվել են մոտ մեկ տասնյակ լրատվականների հարցերը. «Մեդիա պաշտպան»

Կորոնավիրուսով պայմանավորված՝ լրագրողներն իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին իրենց հարցերն առցանց են ուղարկում։ Ըստ սահմանված կանոնների՝ այդ հարցերը պետք է հնչեցվեն, սակայն ունենք իրավիճակ, երբ լրատվականների հարցերն անտեսվում են։ Իրենց ուղարկած հարցերն անտեսելու մասին բարձրաձայնել են Lurer.com, hraparak.am, AntiFake.am, Analitik.am, Goris Today, Slaq.am, News լրատվականները և լրագրող Փայլակ Ֆահրադյանը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտնում է, որ Փայլակ Ֆահրադյանն առցանց տարբերակով հարց է ուղարկել Զարուհի Բաթոյանին. «Տիկին Բաթոյան պատրաստվո՞ւմ եք Ձեր մեկ ամսվա աշխատավարձն ու պարգևավճարն ուղղել կորոնավիրուսի կանխարգելմանը»։ Հարցն այդպես էլ չի ընթերցվել, որից հետո լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ Զարուհի Բաթոյանի խոսնակը չընթերցեց այս հարցը, հրապարակայնացնում եմ: Խոսնակն ո՞վ է, որ որոշի որ հարցը ընթերցի, որը՝ ոչ»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը իշխանությունների նման գործելաոճը համարում է անընդունելի և կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը, չտարբերակել լրատվամիջոցներին յուրայինների ու ոչ յուրայինների. «Հույս ենք հայտնում, որ խոսնակներն ավելի անաչառ կլինեն ու կհնչեցնեն բոլորի հարցերը։
Նման գործելաոճը նվազեցնում է Արտակարգ դրության արդյունավետությունը և լրագրողները ստիպված են լինելու ներկայանալ ասուլիսներին, որպեսզի իրենց հարցերը չանտեսվեն և միայն իշխանահաճո հարցեր չհնչեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ