02 04 2020

Կորոնավիրուսը պինցետով դուրս չեկավ․ վարչապետը քաղաքացիներին կոչ է անում անլուրջ չվերաբերվել վիրուսին

Կորոնավիրուսը պինցետով դուրս չեկավ․ վարչապետը քաղաքացիներին կոչ է անում անլուրջ չվերաբերվել վիրուսին

Մեկ օրվա տվյալներով, իհարկե, չի կարելի հետևություն անել, բայց մենք տեմպի որոշակի աճի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած նախորդ օրը ունեինք տեմպի նվազում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վերջին մեկ օրվա մեջ Հայաստանում կորոնավիրուսի 92 նոր դեպք է հաստատվել:

«Մենք իհարկե, թեստավորման քանակները մեծացնում ենք, և դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել: Կարող ենք ասել, որ դեռևս մեր իրավիճակը վերահսկելիության շրջանակներում է»,-ասաց նա:

Վարչապետի խոսքերով, մեր իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է, սակայն երկու ծայրահեղության խնդիր կա:

«Մի ծայրահեղությունը խուճապի մատնվելն է, ինչն անթույլատրելի է, երկրորդը՝ համատարած հանգստությունն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ սկզբնական շրջանում հաջողվեց կանխել խուճապային երևույթները, սակայն հիմա չի ստացվում հանրությանը բերել հավասարակշռված վիճակի՝ երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն: Նրա խոսքերով, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, սակայն համաճարակային տեսակետից դա խնդիր է:

Վարչապետը դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով այսքան հանգիստ չվերաբերվել պրոբլեմին:

«Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին:  Տեսեք, այսօր պացիենտների 80 տոկոսն անգամ ջերմություն չունի, և եթե դա լիներ նախկինում մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ լիներ, մենք մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք և վերջ: Հիմա էլ մեր հիվանդների 80 տոկոսին չենք բուժում, բայց պահում ենք, որովհետև եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ