30 03 2020

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել



Ոստիկանություն բերման ենթարկելիս, նաեւ ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել:

Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել:

Հաղորդագրությունում ասվում է.

«Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին։

Ժամը 5-ի սահմաններում Օհանովի փողոցում նրանք նկատել են սրընթաց երթեւեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, կանգնեցրել է մեքենան։ Ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ վարելու պատճառը, ինչպես եւ ստուգելու Պարետի որոշմամբ սահմանված տեղեկություններ պարունակող գրության եւ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։

Վարորդը, ոստիկանների օրինական պահանջը լսելով՝ վրդովվել է ու հայհոյել նրանց՝ չենթարկվելով օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները երիտասարդին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը ոստիկանների ծառայողական պարտականությունները խափանելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նույն հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը շարունակել է դրսեւորել մեքենայի սրահում՝ դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին, որոնցից մեկը աչքի շրջանում վնասվածք է ստացել, բայց, չնայած արնահոսող վերքին, շարունակել է հստակ իրականացնել իր գործառույթները:

Ոստիկանները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով` դրսեւորել են ծայրահեղ զսպվածություն, ինչն ակնհայտ է նաեւ տեսագրությունից։ Ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով, նույնիսկ չեն պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, ինչը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար կարեւոր է։ Բերման ենթարկվածը հակաիրավական եւ հակաբարոյական վարքագիծը շարունակել է նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնում։

Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ։ Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարեւմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել։ Խմիչքը վերջացել էր, եւ ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու։

Նա ոչ սթափ վիճակում եւ բարձր արագությամբ վարել էր մեքենան՝ չմտածելով, որ իր գործողություններով իրական վտանգ է ստեղծում երթեւեկության այլ մասնակիցների կյանքի եւ առողջության համար, իսկ նման դեպքերում հետեւանքները հաճախ ողբերգական են լինում։

Բաժին բերման է ենթարկվել նաեւ նրա ընկերը։ Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին։ Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ)։

Երեւանի բնակիչ, 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քաղաքացիներին հորդորում ենք դրսեւորել բացառապես օրինահարգ վարքագիծ․ բոլոր օրինախախտներն ու իրենց հասարակությունից վեր դասողները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ