25 03 2020

«Ժամանակ» թերթը չի կատարել հերքում տպագրելու օրինական պահանջը

«Ժամանակ» թերթը չի կատարել հերքում տպագրելու օրինական պահանջը

Մարտի 16-ին «Ժամանակ» թերթում տպագրվել է «Քոչարյանի մոլի աջակից Հովիկ Շահինյանը՝ «Նաիրի Ինշուրանս»-ի սեփականատերերի ցանկում» վերնագրով հոդված։ 
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8 -րդ հոդվածի 1-ին կետը, այն է՝ «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը», մարտի 17-ին «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հերքման պահանջով կապ է հաստատել խմբագրության հետ, ապա նաև խմբագրության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկել «Հերքում»։ Ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Երջանիկի Շահինյանը երբևէ չի հանդիսացել և չի հանդիսանում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության սեփականատեր։ Ինչ վերաբերվում է պետռեգիստրի նշմանը,  ապա նշված Հովիկ Հաբեթի Շահինյանը,  հանդիսացել է Նաիրի Ինշուրանսի հիմնադիրներից մեկը /Նաիրի ինշուրանսը հիմնադրվել է 1996 թվականին, Նաիրի 96 անվամբ/. խոսքը նմանատիպ անուն, ազգանունով, սակայն այլ հայրանունով տարբեր մարդկանց մասին է: 
Սակայն «Ժամանակ» թերթը չի կատարել Ընկերության՝ պաշտոնական հերքումը տպագրելու օրինական պահանջը։ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8 -րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածին համապատասխան, այն է «հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում», Ընկերությունը սպասել է «Ժամանակ» թերթի կողմից հերքման պահանջի իրականացմանը, որն այդպես էլ չի կատարվել։ Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածված հոդվածում առկա անճշտությունները, ապատեղեկատվությունը վնաս են հասցնում Ընկերության գործարար համբավին և հեղինակությանը, ապակողմնորոշում են հասարակությանը՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել վերոհիշյալ օրենքի 9-րդ կետին համապատասխան՝ «սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ