24  03  2020

Հանրային իշխանության մարմինների նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել. պարետ

Հանրային իշխանության մարմինների նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել. պարետ

Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը:

Մասնավորապես՝

Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը.

հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.

Ժամանակավորապես դադարեցնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:

Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի եւ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների եւ կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ։

Սույն որոշման կատարումը պետք է ապահովեն՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, Բարձրագույն դատական խորհրուրդ, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներ, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։

Որոշմամբ ամրագրված սահմանափակումների պահպանումը պետք է ապահովեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ