24  03  2020

Մեկուսացված լինելը խնդիրներ է առաջացնում հատկապես ՓՄՁ-ների համար. հայտարարություն

Մեկուսացված լինելը խնդիրներ է առաջացնում հատկապես ՓՄՁ-ների համար. հայտարարություն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում: Վերլուծությունն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև:

2019թ. ներքին պահանջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 113%, մինչդեռ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը` շուրջ 38%: Սա նշանակում է, որ ՀՀ-ում տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկով` տնային տնտեսությունների կողմից վերջնական սպառմանն ուղղվող ծախսերով, որոնց ծավալը 2019թ. 2018թ.-ի համեմատ շուրջ 13%-ով աճ է արձանագրել: Այս աճը նաև պայմանավորված է տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալների աճով: 2019թ.-ին տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ճյուղը և արդյունաբերությունը: Հետևաբար, սպասվող զարգացումներն հետևյալն են`

1. Մեկուսացված լինելու դեպքում հատկապես խնդիրներ կունենան մի շարք ծառայությունների ոլորտի` հատկապես ՓՄՁ-ների ներկայացուցիչները, հարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, քանի որ վերջիններիս հասույթը կկրճատվի, որի հետևանքով աշխատակիցներին հարկադիր պարապուրդի կուղարկեն: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի պարագայում հիմնականում խոցելի են կացության ծառայություններ առաջարկող հյուրանոցները, հյուրատները և այլն, որի հետևանքով այդ ընկերությունները վնասներ կկրեն` պայմանավորված զբոսաշրջիկների թվի կրճատմամբ:

2. Խուճապով պայմանավորված՝ կավելանան տնային տնտեսությունների ծախսերը մի շարք ապրանքների (առաջին անհրաժեշտության) կտրվածքով, որի հետևանքով տվյալ ապրանքատեսակների դեպքում կարող է որոշակի գնաճ արձանագրվել: Տվյալ ապրանքատեսակներ արտադրողների ծավալները կավելանան, որի հետևանքով կարող են ավելի շատ հարկեր վճարել` կոմպենսացնելով մի շարք ՓՄՁ-ների չվճարած հարկերը: Առևտրի տեսանկյունից աճ կարձանագրվի խոշոր առևտրային ցանցերի կտրվածքով, որը որոշակիորեն կկոմպենսացնի և կարող է չեզոքացնել այլ ապրանքների վաճառքի գծով արձանագրված անկումը:

3. Արդյունաբերության տեսանկյունից խոցելի է համարվում մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտը, որի արտահանման ծավալները կկրճատվեն՝ պայմանավորված տարբեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մետաղների նկատմամբ կրճատվող պահանջարկով և անկում գրանցող գներով: Միայն վերջին ամսվա կտրվածքով (2020թ. փետրվարի 19 մարտի 19) պղնձի համաշխարհային գները շուրջ 18.5% անկում են արձանագրել: Այս պարագայում արդյունահանող ընկերությունները կարող են դիմակայել այս անկմանը` ավելի շատ ծավալ վաճառելով: Մշակող արդյունաբերության մի շարք ոլորտներ (սննդամթերքի արտադրություն, դեղագործական արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակների և խմիչքի արտադրություններ) աճ կարձանագրեն տեղական սպառման աճի շնորհիվ` որոշակիորեն կոմպենսացնելով արտահանման ծավալների կրճատումը (եթե այն գրանցվի): Անկում կգրանցեն հիմնային մետաղների և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ որոշակիորեն կնվազեն սննդամթերքի/գյուղմթերքի և ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալները դեպի ՌԴ:

4. Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը (մասնաբաժինը ծառայությունների ոլորտում` 21.5% 2019թ.) «վարկային արձակուրդների» պարագայում կսահմանփակի նոր տրամադրվող վարկերի ծավալները, ինչպես նաև ավելի խիստ պայմաններ կկիրառվեն, որի հետևանքով ոլորտի աճի տեմպերը կարող են դանդաղել:

5. Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի չմեկնելու հետևանքով որոշ ընտանիքների եկամուտները կարող են կրճատվել, իսկ աշխատանքային միգրանտները դժվարություն կունենան ՀՀ-ում աշխատանք գտնելու տեսանկյունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ