27  02  2020

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․

Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա:

Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝

·         «Գետաշեն», 1992

·         «Ջավախքի խաչքարերը», 1995

·         Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1997 թ.

·         Վրաց Պետական Քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1998 թ.

·         «Հայ մշակութային հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», 1999, նաև ռուսերեն, 2000, անգլերեն, 2001

·         Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Trans. Anahit Martirossian. Yerevan։ Gitutiun Publishing, 2001.

·         Ջավախքի Պատմական Հուշարձանները. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2001

·         «Թիֆլիսի քաղաքագլուխները», հայերեն, ռուսերեն, 2003

·         Կովկասյան թանգարանի Հայկական հավաքածուն. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

·         Հյուսիսային Արցախ. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004 (ԼՂՀ Եղիշեի անվան գրականության մրցանակ, 2004)

·         Հայերը Կախեթում. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

Համահեղինակ է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի՝ Միլանում 1988 թ. լույս տեսած 19-րդ «Ղարաբաղ» պրակի։

Սամվել Կարապետյանն արժանացել է մի քանի մրցանակի։

·         2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար.

·         2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան

·         2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ