17 02 2020

Արմեն Սարգսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Արմեն Սարգսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

ՀՀ նախագհ Արմեն Սարգսյանը հայտարարություն է արել կապված վերջին շրջանում  ՀՀ ԶՈՒ-ում մահվան դեպքերի հետ: Նա նշել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:

Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ:

Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,

Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի, որի հետ կկիսեք ոչ միայն ծառայության դժվարությունները, այլև միասին՝ թիկունք-թիկունքի տված, կուռ, ամբողջական ու հզոր ուժ լինելու զգացողությունը:

Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում, բայց անհրաժեշտ է: Անցնելով այն՝ դուք հասունանում ենք, ամրանում, սովորում դիմակայել ու հաղթահարել, լինել սառնասիրտ, զուսպ ու ամենակարևորը լինել պատասխանատու, որովհետև ձեզ՝ հայոց բանակի թե՛ տասնութամյա նորակոչիկներին, թե՛ ծառայության բովով անցած փորձառու սպաներին է վստահված ամենաարժեքավորը՝ մեր հայրենիքի, մեր ընտանիքների պաշտպանությունը, մեր ապագան ու խաղաղությունը: Պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առաքելությանը, միմյանց հետ ձեր փոխհարաբերություններին, հիշեք՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է:

Հիշեք, որ դուք ծառայում եք հաղթանակած բանակում ու պետք է պատվով ու արժանապատվությամբ շարունակեք կյանքի ու մահվան գնով ձևավորված ու կայացած հայկական բանակի ամենալավ ավանդույթները՝ փոխօգնության, միասնականության ու համախմբվածության ավանդույթները:

Մենք վստահում, հավատում ու սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին: Հիշեք, որ մենք կորցնելու կյանքեր չունենք, մենք չպետք է ունենանք չիրականացված երազանքներ, ձեր օջախներում դեռ պետք է զավակներ ծնվեն, ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ու պետք է տեսնի միասնական ու խաղաղ հայրենիքի փայլուն ապագան, ձեր նվիրյալ ծառայությամբ կերտած ապագան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ:

Իսկ տան խաղաղությունն առանց հանդուրժողականության հնարավոր չէ, առանց իրար ցավ զգալու հնարավոր չէ, առանց միմյանց կարծիքը հարգելու, առանց իրար հետ միասին ապրել սովորելու հնարավոր չէ։

Աստված պահապան բոլորիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ