01 02 2020

Գրչի պատմությունից ուղիղ մեկ շաբաթ անց

Գրչի պատմությունից ուղիղ մեկ շաբաթ անց

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի վերջին շաբաթ օրը, սկսվեց գրչի պատմությունը, որի արդյունքում առավել ակնհայտ դարձավ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի ոչ ադեկվատ լինելը։

Վարչապետ Նիկոլ Փաինյանը Կապանում հրավիրված ասուլիսին  հայտարարեց, թե 2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենաօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին. «Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը»:

Հրայր Թովմասյանի արձագանքը չուշացավ:  ՍԴ նախագահը պնդեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ընդամենը երկու անգամ է հեռախոսազրույց ունեցել նրա հետ և տեսախցիկների տեսադաշտից դուրս երբևէ չեն հանդիպել և որևէ առաջարկություն նա չի ներկայացրել Փաշինյանին:

Այնուհետև Հրայր Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ տվեց, որպեսզի նա հրապարակի իր հայտարարությունները հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, վստահելի ապացույց, հակառակ դեպքում ՍԴ նախագահը Փաշինյանի զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի դատարան։

 Վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Երևան հասնելուն պես կհրապարակի Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը, և խնդրեց իրեն չմեղադրել անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ։

 Այնուհետև վարչապետը լուսաբնկա հրապարակեց տիկնոջ հետ՝ տեղեկացնելով որ այդ օրը պատրաստվում է մնալ Կապանում:

Հաջորդ օրը հայկական մեդիատիրույթում խառնաշփոթ է առաջացնում․․․ մի սովորական գրիչ։ Վարչապետը խոստացածի համաձայն, Երևան հասնելուն պես գրառում կատարեց՝ կից հրապարակելով գրիչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։ 

Ասաց, որ գրիչ է տվել և դա այն խորհրդանիշն է, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել։

Նման «անհամաչափ հակահարվածից» հետո Թովմասյանի փաստաբանը սկսել է պատրաստել թղթերը՝ դատական հայց ներկայացնելու։ 

Սակայն վարչապետի մակադրակով քաղաքական օրակարգը կենցաղային խառնաշփոթի վերածված իրավիճակում հետաքրիր էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի արձագանքը. «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Իսկ վարչապետը շարունակում էր սպառել գրիչ թեման՝ դարձյալ գրառում կատարելով, այնուհետև ուղիղ եթերում հայտարարելով, որ սատանան մանրուքների մեջ է:

Գրչի թեմային որպես շարունակություն, իրեն հրապարակ նետեց ավագանու իմքայլական ներկյացուցիչ Հենրիկ Հարթենյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Հրապարակել էր ՍԴ նախագահի դստեր ֆեյսբուքյան էջն ու դիմել հանրությանը, թե՝ տեսեք ինչ եք անում։ Նրան հեռացրին ավագանու կազմից։ 

Գրչի հաջորդ զոհը ԱԺ գործող փոխնախագահի և ԱԱԾ պաշտոնաթող նախագահի հարաբերությունն էր։ Ասում էին, թե ընկերներ են, բայց պարզվեց, որ քաղաքականությունը հաճախ է ընկերներին բաժանում։ Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց․ «Անցյալ տարվա առաջին մասում ես ստացել եմ մի զանգ, այն ժամանակյա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից մոտավորապես հետևյալ բովանդակությամբ՝ «Ալեն ջան, Հրայրը Սահմանադրական դատարանի առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել և մի բան է խնդրում, մի բան է ասում, որ Ալենին ասեք, որ իմ վրա, իմ հետ կապված քիչ խոսի», ես պետք է ասեմ, որ ինչի՞ է հիշվել նաև այդ խոսակցությունը, մի քանի դրվագի պատճառով, նախ ինձ դուր չեկավ, որովհետև մարդ, երբ որ հեռախոսով խոսում է, զգում ես, որ կողքը մարդ կա, ես վստահ էի, որ այդ խոսակցության ընթացքում միայնակ չէր, այդ զանգը բացի ինձնից և իմ զրուցակցից էլի լսողներ կային։ Ես ի գիտություն ընդունեցի, ասացի՝ «լավ, կխոսենք»։ Դրանից հետո, ընդամենը մեկ, երկու օր անց Թումանյան փողոցի «Նոր Զովք» խանութի առաջ ես հետևից գրկախառնության արժանացա՝ շատ անսպասելի ինձ համար, և ի զարմանս ինձ Հրայր Թովմասյանն էր, որը ինձ շատ լայն ժպիտով, մենք շփումներ տենց չենք ունեցել՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ», ես ի պատասխան ասացի, որ՝ հա հիմա նորմալ է և հասկացա, որ դա փաստացի էն մեր խոսակցության շարունակությունն էր»:

Համացանցում հումորային գրառումների ու լուսանկարների պատճառ հանդիսացավ այս հայտարարությունները։ Այդ լուսանկարներում Հրայր Թովմասյանը «գրկում էր» Ալեն Սիմոնյանին։

Մինչ հումորի զգացում ունեցողներն անցել էին գործի, Արթուր Վանեցյանն ինքը հանդես եկավ գրառմամբ՝ կտրականապես հերքելով սա և իր նախկին ընկերոջը մեղադրելով ստախոսության մեջ։

Գրչի թեմայից անցել է մեկ շաբաթ, սակայն, ինչպես ասում են, այդ խմորը դեռ շատ ջուր կվերցնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ