18 01 2020

«Նովոյե Վրեմյա» թերթի խմբագրության աշխատանքը դադարեցված է. News.am

«Նովոյե Վրեմյա» թերթի խմբագրության աշխատանքը դադարեցված է. News.am

News.am-ը գրում է․«Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել, hրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու:

Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:

«Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն  Սաթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խմբագրությունը, որը գտնվում է շենքի 3-րդ հարկում նախնական հաշվարկով 5-6 հազար դոլարի վնաս է կրել:

«Միջանցքը ամբողջովին ջրի մեջ է, առաստաղը փլվել է, դուռն է ջարդած, պատուհանն է ջարդած: Լավ է, որ թերթերը չեն բռնկվել, եթե բռնկվեին շատ ուժեղ հրդեհ կլիներ: Ու ամենավատն այն է, որ  հրշեջներն ասում են` վնասներ չկան: Թերթի աշխատանքն այս պահին կագնած է, մտածում եմ` ինչ անեմ, ուրիշ բնակարան վարձեմ, ինչ-որ տեղ տեղափոխվեմ ժամանակավորապես, չգիտեմ, անորոշ վիճակ է»,-ասաց նա:

Սաթյանը հավելեց, որ  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Բաբայանին հարցրել է, թե ինչ է լինելու, ինչպես է փոխհատուցվելու,  նա էլ  ասել է, որ կհաշվարկենք ու հեռացել է:

«Ոչ մի կարեկցանք, ոչ մի բան, շուռ եկավ, օդի մեջ ասաց` դե, կհաշվարկենք էլի, ու հեռացավ»,- հավելեց  նա:

»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ