15 01 2020

Վարչապետը փնտրում է երկրում աղքատությունը հաղթահարելու ուղիները



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը. հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ վարչապետի որոշմամբ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում կատարվել են որոշակի աշխատանքներ, և մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովվություն, առողջապահություն, կրթություն և բնակարանային պայմաններ: Նոր հայեցակարգով առաջարկվում է գործող՝ սպառման կարիքի վրա հիմնված անապահովության գնահատումից անցում կատարել եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատման: Քննարկվել է այդ նպատակով մշակված մեթոդաբանությունը, ներկայացվել է վերլուծություն նոր համակարգի ներդրման դեպքում հնարավոր ազդեցությունների սցենարների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Նշվել է, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ընդլայնել աշխատանքային խմբի շրջանակը՝ առողջապահական և կրթական բաղադրիչների ապահովման տարբերակները ևս քննարկելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ