18 12 2019

Ամանորի 325 մլն-ի զգալի մասը տրվում է արտոնյալ դարձած ընկերությանը․ Factor.am

Ամանորի 325 մլն-ի զգալի մասը տրվում է արտոնյալ դարձած ընկերությանը․ Factor.am

Factor.am-ը գրում է․ «Երևանում կազմակերպվող ամանորյա միջոցառումների համար նախատեսված 325 մլն դրամի զգալի մասը տրվելու է արդեն արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին: Ընկերությունը, որը տոնական օրերին ապահովելու է գեղարվեստական մասը, ծառայությունների դիմաց վճարվելու է 138 մլն դրամ կամ 290 հազար դոլար: Այս մասին Factor.am-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանից: Այնուհետ, երկրորդ խոշոր հատկացումը կատարվել է «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին՝ 106,5 մլն դրամ:

Ընկերությունն իրականացնելու է դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում և ապամոնտաժում: Ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն և սպասարկման համար «Լայթ Դիզայն» ՍՊԸ-ին կվճարվի նախատեսված գումարից  37 մլն դրամ, իսկ ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի համար «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ- ին կտրվի 44 մլն դրամ: Փաստորեն, ստացվում է, որ ամենորյա միջոցառումների համար նախատեսված միջոցների զգալի մասն ուղղվելու է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին:  

Ուշագրավ է, որ արդեն իսկ ընտրված ընկերություններից «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն գրեթե մշտապես ներգրավված է մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը, որի համար հանրային միջոցներից մեծ ներդրումներ են կատարվում:

Factor.am-ը դեռ նախորդ տարի գրել էր, որ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 30 մլն դրամ էր վճարվել միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Մեկ այլ պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 24 մլն դրամի կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումներ էր պատվիրել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերվա համար:  Իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի համար ծախսվել էր 71 մլն դրամ:

Ֆակտորի փրոդաքշն»-ին էր բաժին հասել նաև Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված 108,5 մլն դրամի 25 մլն 20 հազար դրամը՝ կրկին մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

«Մեդիալաբ»-ի փոխանցմամբ էլ «Ֆակտորի փրոդաքշնը» ծառայություններ է մատուցել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 միլիոն 790 հազար դրամ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այսպիսով հեղափոխությունից հետո, չհաշված այս տարվա ամանօրյա միջոցառումները, «Ֆակտորի փրոդաքշն»-ին պետական և համայնքային բյուջեներից փոխանցվել է 210 մլն դրամ: Սա համարժեք է 440 հազար ԱՄՆ դոլարի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ