07  12  2019

2000 ընտանիք բնակարան կունենար միայն մեկ ամսում Փաշինյանի ծախսած գումարով

2000 ընտանիք բնակարան կունենար միայն մեկ ամսում Փաշինյանի ծախսած գումարով

Նոր իշխանությունները թեպետ յուրաքանչյուր պատեհ և անպատեհ առիթների այցելում են Գյումրի և շռայլում խոստումներ, սակայն դեռևս հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լուծելո՞ւ է աղետի գոտու խնդիրները, թե ոչ։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ժառանգություն է մնացել աղետի գոտում արդեն քիչ թվով ընտանիքների բնակարանի հարցը լուծելու խնդիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պարտականությունները ստանձնելու դեռ սկզբում ասում էր, թե պետք է հստակեցնել քաղաքականությունը և որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել․ «Ամենակարևոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, և եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»:

Նիկոլ փաշինյանը մշտապես քննադատել է նախկին իշխանություններին աղետի գոտին դանդաղ վերականգնելու համար, իսկ իշխանության գալուց ի վեր քննադատությունն ուժեղացավ։ Ասացին, որ բոլորի խնդիրները կլուծեն։ Անցավ մեկ ու կես տարի, և հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը խոսում է պետության՝ աղետի գոտում ապրողների նկատմամբ պարտավոր լինել-չլինելուց։

2019թ․ դեկտեմբերի 7-ին վարչապետն ասում է․ «Մարդ կա ստացելա փողը, տունն առելա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»։

2019թ․ դեկտեմբերի 6-ին նա ասում է․ «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: Ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ պետությունն ունի պարտավորություն․․․»:

2019թ․ սեպտեմբերի 16-ին ասում է․ «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, եւ հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։

Եվ այլն։ Այսինքն մենք հերթական անգամ ականատեսն ենք բանի, երբ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նախկիններին ինչ-որ բանի համար, բայց հիմա ասում է ու անում այն, ինչ ասում ու անում էին նրանք։ Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ ոչ բոլորի նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, իսկ ընդդիմադիր խմբագիր ու պատգամավոր Փաշինյանը մեղադրում էր, թե իշխանությունն աչքաթող է անում խնդիրներն ու խեղճ քաղաքացուն։

Ստացվում է, որ կամ հիմա Նիկոլ Փաշինյանն ազնիվ չէ կամ էլ նա անազնիվ կերպով էր քննադատում իշխանություններին։

Ի դեպ, փաստենք, որ այսօր աղետի գոտու խնդիրները լուծելու համար պետք է բնակարան կառուցել շուրջ 500 ընտանիքի համար։ Կառավարությունը հաջորդ տարվա համար հատկացրել է 6 մլն դոլար ու դա համարում է աննախադեպ։ Մինչդեռ միայն Նիկոլ Փաշինյանի՝ մեկ ամսում պետբյուջեից դուրսգրած գումարով հնարավոր էր բնակարանով ապահովել աղետի գոտում բնակարան չունեցող բոլոր ընտանիքներին և Ադրբեջանից բռնագաղթած ևս 1500 ընտանիքի։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ